Հայտնի հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնը երդվյալների վճռի հրապարակումից հետո, որոնք նրան մեղավոր էին ճանաչել բռնաբարության մեղադրանքով, հիվանդանոց է տեղափոխվել կրծքում ցավերի գանգատներով, հայտնում է Variety պարբերականը՝ վկայակոչելով նրա ներկայացուցչին:

Երդվյալներն ավելի վաղ Վայնշթեյնին մեղավոր էին ճանաչել մեղադրանքի 2 կետով՝ բռնաբարություն եւ սեռական ոտնձգություն:

Սպասվում է, որ դատարանը գործով դատավճիռը կկայացնի մարտի 11-ին:

Մեղադրանքի ամբողջական ցանկով նրան սպառնում է ընդհուպ ցմահ ազատազրկում: Մանհեթենի շրջանային դատախազ Սայ Վենսը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ում Վայնշթեյնին սպառնում է նվազագույն 5, առավելագույնը 25 տարվա բանտարկություն: Վայնշթեյնի գլխավոր փաստաբան Դոննա Ռոտունոն ավելի ուշ հայտնել է, որ հոլիվուդյան պրոդյուսերի պաշտպանները պատրաստվում են դատավճիռը բողոքարկել:

Պարբերականի տեղեկություններով՝ Վանշթեյնին պետք է տեղափոխեին Նյու Յորքի Ռայքերս Այլենդ կղզու վրա գտնվող բանտ, սակայն վատ ինքնազգացողության գանգատների պատճառով նրան տեղափոխել են Մանհեթենի հիվանդանոցներից մեկը: Վայնշթեյնի փաստաբանը USA Today պարբերականին հայտնել է, որ պրոդյուսերը հիվանդանոց է տեղափոխվել բարձր ճնշման պատճառով: «Նրա մոտ ամեն ինչ կարգին է»,- հայտարարել է Ռոտունոն:

Հոլիվուդում աղմկահարույց սկանդալը բռնկվել էր, երբ ԱՄՆ ամենազդեցիկ պրոդյուսերներից Վայնշթեյնին մեղադրել էին տասնյակ կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ, որոնց թվում են եղել հանրահայտ դերասանուհիներ Անջելինա Ջոլին, Ումա Թուրմանը եւ Էշլի Ջադը: Վայնշթեյնը մեղադրանքների ալիքի ֆոնին հեռացվել էր սեփական ընկերությունից, իսկ Նյու Յորքի իշխանությունները նրա դեմ հետաքննություն էին սկսել: Վայնշթեյնը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները: Վայնշթեյնի դեմ մեղադրանքներն են ընկած սեռական ոտնձգությունների զոհերի շարժման՝ #MeToo-ի հիմքում: