Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստում միջնորդություններ ներկայացնելուց հետո դատարանը լսեց կողմերի եզրափակիչ հայտարարությունները: Հիշեցնենք, որ փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Մեղադրող կողմը՝ ի դեմս դատախազ Գեւորգ Բաղդասարյանի, ձեռնպահ մնաց տվյալ փուլում հայտարարություններից:

Նախկին փոխվարչապետի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը նշեց մեղադրանքի անորոշությունը ՔՕ հոդվածների փոփոխության պատճառով եւ նշեց հիմքերի անհստակությունը, որոնցով դատախազությունը նախապատվություն է տվել սահմանադրական կարգի տապալման մեղադրանքին, պնդել, որ մեղադրող կողմը չի հստակեցրել իր դիրքորոշումը: «Եթե նրանց համար էլ է անհասկանալի, ապա ավելացնելու ոչինչ չունեմ»,- նշեց փաստաբանը:

Պաշտպանության նախկին նախարարի փաստաբան Կարեն Մեջլումյանը կրկին օրինակ բերեց այգուց եւ գրպանից գողությունը. «Այստեղ եւս նույնն է. արարք մինչեւ նոր օրենքի ընդունումը, որը մեղադրող կողմը նույնացնում է նախկին ՔՕ 300 հոդվածի եւ նոր 300.1 հոդվածի հետ»: Փաստաբանը հիշեցրեց, որ նմանատիպ իրավիճակում դատախազությունը ժամանակին հրաժարվել է «յոթի գործով» մեղադրանքներից եւ ոչ միայն այդ գործով: ««Յոթի գործով» ոչ միայն դատախազությունը հրաժարվել է մեղադրանքներից, այլ նաեւ դատավորը դադարեցրել է գործը՝ հաշվի առնելով հանցանքի կազմի բացակայությունը»,- հիշեցրեց Մեջլումյանը:  

Նա հիշեցրեց ԵԽԽՎ 1633 բանաձեւի մասին, որում ասվում է ՔՕ 300 հոդվածի իրավական բացերի վերացման անհրաժեշտության եւ դրանք եվրոպական ստանդարտներին համապատախանեցնելու մասին, ինչպես նաեւ հիշեցրեց մարդու իրավունքների հանձնակատարի հայտարարությունը: Փոփոխություններ կատարելու համար ստեղծվել է հանձնաժողով, ծրագրի մշակման ժամանակ հաշվի է առնվել ԵԽԽՎ եւ մարդու իրավունքների հանձնակատարի կարծիքը, իսկ ծրագրի քննարկումների ընթացում խորհրդարանում բոլոր ելույթ ունեցողները խոսել են հոդվածի թերությունների մասին՝ պնդեց փաստաբանը: Փաստաբանը մեջբերեց նախկին պատգամավոր Դավիթ Հարությունյանի խոսքը, որն ասել էր, որ ԱԺ-ն՝ հաշվի առնելով այն, որ դատախազությունը չի ցանկանում հրաժարվել զանգվածային անկարգություններին չմասնակցած անձանց նկատմամբ մեղադրանքներից, պետք է նոր օրենք ընդունի՝ այդ անձանց բաց թողնելու համար: Ընդ որում, օրենքն այնպես է փոխվել, որ անկարգություններին մասնակցած անձինք պատիժ են կրել, իսկ անկարգություններին չմասնակցածների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: «Ակնհայտ է, որ 300.1 հոդվածը ենթադրում է հանցանքի նոր կազմ, ինչը ընդունել է նաեւ դատախազությունը»,- նշեց Մեջլումյանը:

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի փաստաբան Միհրան Պողոսյանը փորձեց արտահայտվել կոռեկտության սահմաններում, սակայն նշեց, որ գործը հեռու է իրավագիտությունից: «300 հոդվածը սկզբնապես խնդրային է եղել: Դա պարզվել է դեռ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հարցով հարուցված գործի շրջանակում: Մանրամասն ներկայացվել է, թե ինչու գործը (ներկայիս-խմբ.) պետք է դադարեցվի, դատարանին դա պետք է ակնհայտ լինի»,- նշեց փաստաբանը՝ հիշեցնելով «յոթի գործի» մանրամասները եւ այն հանգամանքը, որ փաստաբանները միջնորդել են քրեական գործի դադարեցման մասին՝ հաշվի առնելով 300 հոդվածով նախատեսված մեղադրանքների անորոշությունը: 300.1 հոդվածի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո եւ 300 հոդվածի չեղարկումից հետո քրեական գործը դադարեցվել է: Փաստաբանը հիշեցրեց, որ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւս մեղսագրվել է 300 հոդվածը, սակայն 2009 թվականի մարտի 24-ին, երբ պարոն Փաշինյանը հետախուզման մեջ էր գտնվում, Հայաստանում կար իրավական պետություն, եւ քննիչը որոշեց փոխել մեղադրանքը՝ հիշեցրեց փաստաբանը: Նրա խոսքով՝ դրա համար հիմք դարձավ ՔՕ համապատասխան հոդվածի փոփոխությունը եւ այն, որ մեղադրյալի իրավիճակը վատթարացնող օրենքը դառնալի ուժ չունի: Արդյունքում Փաշինյանի նկատմամբ այդ հոդվածով հետապնդումը դադարեցվեց՝ նշեց Միհրան Պողոսյանը: «Տեսնելով, թե ինչպես է եղել եւ ինչպես է հիմա, մենք պնդում ենք՝ մեր պաշտպանյալների նկատմամբ խտրականություն է կատարվում: Եվ սրա վտանգն այն է, որ եթե նախադեպ ստեղծվի, վաղը դատախազությունը կսկսի հետին ամսաթվով այս կամ այն օրենք ընդունել: Կամ դատարանը կդադարեցնի այդ վակխանալիան, կամ դատարանը կդառնա օրենքի գերեզմանափոր»,- եզրափակեց Պողոսյանը՝ դատարանին փոխանցելով «յոթի գործով» քրեական հետապնդումը դադարեցնելու մասին փաստաթղթերը:  

Ելույթի հնարավորություն ստանալով՝ դատախազ Գեւորգ Բաղդասարյանն իր ընդդիմախոսին կշտամբեց, որ վերջինս բառախաղ է օգտագործում: Բացատրելով հոդվածի ընտրությունը՝ սահմանադրական կարգի տապալում, այլ ոչ թե լիազորությունների չարաշահում, դատախազը հղում արեց գործի նյութերին եւ օրինակ բերեց հավաքների անցկացման արգելքը (արտակարգ դրության սահմանումից հետո-խմբ.): Այսինքն, նման սահմանափակումները խախտում են սահմանադրական արժեքները, օրինակ, այն հանգամանքը, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Բաղդասարյանի խոսքով՝ անհասկանալի է ոչ թե ժամանակին «յոթի գործով» մեղադրանքներից հրաժարվելու գործընկերների որոշումը, այլ օրենսդրության նման մեկնաբանությունը, որը հանգեցրել է համապատասխան արդյունքի: Մեկնաբանելով հանգամանքների նմանությունը՝ դատախազը հիշեցրեց, որ կան ՄԻԵԴ որոշումներ: Ինչ վերաբերում է հոդվածի փոփոխության ԵԽԽՎ ողջունման փաստին, դատախազը կարծիք հայտնեց, որ ԵԽԽՎ-ն ողջունել է դա որպես ցանկացած այլ փոփոխություն: Դատախազ Պետրոս Պետրոսյանը անհամաձայնություն հայտնեց պաշտպանության կողմի այն պնդումների հետ, թե 300.1 հոդվածը ենթադրում է հանցանքի նոր կազմ: Նրա խոսքով՝ դա այդպես կլիներ, եթե հին ՔՕ-ում չլիներ համապատասխան հոդված: Ինչ վերաբերում է օրենքի դառնալի ուժին, դատախազը հղում արեց Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը, որը կարծիք է հայտնել, որ եթե ՔՕ-ում նախատեսված է եղել հանցանք, ապա օրենքի փոփոխությունը չի կարող դիտարկվել որպես հետապնդումը դադարեցնելու հիմք: 

Ամփոփելով՝ փաստաբան Հայկ Ալումյանը նշեց կատարվածի անտրամաբանությունը: «Յոթը եւ Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակների ամենավառ ներկայացուցիչներն էին, որոնք չենթարկվեցին 300.1 հոդվածով հետապնդման միայն այն պատճառով, որ դատախազները համարեցին, որ նոր հոդվածը ենթադրում է հանցանքի նոր կազմ, որը չի կարող տարածվել 2008 թվականի իրադարձությունների վրա: Եվ, հավանաբար, հենց այդ պատճառով նրանք բանտում չեն: Մենք խնդրում ենք օրենքը նույն կերպ կիրառել նաեւ այդ գործով: Պարզաբանեմ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք օրենքը կիրառել այնպես, ինչպես դա կիրառվեց Սերժ Սարգսյանի կառավարման օրոք»,- հայտարարեց փաստաբանը:

Արձագանքելով դատարանում ծագած հակաճառություններին, դատավոր Աննա Դանիբեկյանը կարգադրեց դատարանից հեռացնել աղմկող հանդիսատեսին: «ԱԺ ձայնագրություններից ակնհայտ է դառնում, որ փոփոխությունների նպատակն էր վերացնել 300 հոդվածի իրավական անորոշությունը»,- շարունակեց փաստաբանը՝ հավելելով, որ 300.1 հոդվածում եւս նման թերություններ կան: «Քանի որ դատախազությունը ոչ մի կերպ չի կարողանում կարծիք կազմել՝ նոր թե ոչ նոր հանցանքի կազմ, դա խոսում է այն մասին, որ դրանցից գոնե մեկը պարունակում է իրավական անորոշություն»,- ասաց Ալումյանը: Փաստաբան Ռուբեն Սահակյանը նշեց, որ եթե ընդունենք հոդվածների նմանության մասին ընդդիմախոսների թեզը, ապա կարելի է ենթադրել, որ այժմ ՔՕ-ում գործում է երկու հոդված, դա նոնսենս է: Փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ եթե ընդունենք դատախազների տեսակետը, ապա անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել այդ տարիների դատախազներին: «Չի կարող լինել նույն հարցով երկու օրինական եւ հակասական տեսակետ: Նույն կերպ անօրինական կլինի նաեւ միջնորդության դիտարկման հետաձգումը»,- հայտարարեց փաստաբանը:

Լսելով կողմերին՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի մարտի 3-ին ժամը 13:00-ին: