Ավստրալիայում կորոնավիրուսի ազդեցությունը տնտեսության վրա ավելի լուրջ սպառնալիք է, քան անտառային հրդեհները: Այս մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Ջոշ Ֆրայդենբերգը, հաղորդում է Ինտերֆաքս-ը: 

«Զգալի անորոշություն կա՝ կապված նրա հետ, թե ինչպիսին կլինեն կորոնավիրուսի համաճարակի հետեւանքները»,- ասել է նա:

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը, իր հերթին, նշել է, որ երբ անցած տարի ընդունվում էր բյուջեն, ոչ ոք չէր սպասում «ուհանյան» վիրուսին:

Կիսամյակային տնտեսական կանխատեսման համաձայն՝ Ավստրալիայում ընթացիկ ֆինանսական տարում բյուջեի պրոֆիցիտը կկազմի 5 մլրդ ավստրալիական դոլար (3,4 մլրդ դոլար), մյուս տարի՝ 6,1 մլրդ դոլար:

Ավելի վաղ Ավստրալիայի ռեզերվային բանկը զգուշացրել է, որ կորոնավիրուսը տնտեսության համար անորոշության աղբյուր է, սակայն գնահատական չի տվել դրա ազդեցությանը երկրի ՀՆԱ աճի վրա:

2019 թվականի աշնանը երկրում մասշտաբային անտառային հրդեհներ են սկսվել, որոնց հետեւանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, ոչնչացվել են հազարավոր տներ:

The Wall Street Journal-ը նշում է, որ Չինաստանին բաժին է հասնում ավստրալիական արտահանման ավելի քան մեկ երրորդը: Չինացի զբոսաշրջիկների համար ժամանակավոր մուտքի արգելքը կարող է զգալի հետեւանքներ ունենալ երկրում կրթության եւ տուրիզմի ոլորտների համար: