Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը չի կիսում իր հոր պաշտպանների լավատեսությունը, որ այս անգամ դատավոր Աննա Դանիբեկյանը կարող է դադարեցնել քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:

«Ես այնքան էլ չեմ կիսում նրանց լավատեսությունը, քանի որ դատավոր Դանիբեկյանն այն դատավորն է, որ անտեսել է ՍԴ որոշումը եւ դրանից հետո ես որեւէ ակնկալիք չունեմ, որ նա կիրականացնի արդարադատություն»,-դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Լեւոն Քոչարյանը:

Նա ընդգծեց, որ բամիզցս հնչել են սպառնալիքի կոչեր իշխանության կողմից, վարչապետի կողմից. «Փաստացի դրանց ենթարկվել է այն դատավորը, որ դատարանից ազատ է արձակել՝ Դավիթ Գրիգորյանը: Նրա լիազորությունները կասեցվել են: Հիմա դատավոր Դանիբեկյանը՝ տեսնելով այդ օրինակները, իր հետեւություններ արել է: Այն, ինչ իշխանությունն ուզեցել է, իրեն տեղ հասել է, դրա համար տեսնում ենք վերջին ամիսներին նրա կայացրած որոշումները: Եսո չունեմ հույս, որ նա, ի վերջո, կիրականացնի արդարադատություն»:

Անդրադառնալով նրան, որ ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը մտադիր են անձնական երաշխավորություն ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի համար, արդյոք Քոչարյանի կողմն է նրանց դիմել այդ խնդրանքով, Լեւոն Քոչարյանն արձագանքեց, որ դրանով զբաղվել է հանձնախումբը, ի դեմս Աղվան Վարդանյանի. «Ես լավ չեմ տիրապետում, թե դիմվել է, քանի հոգու է դիմվել: Այդ հարցերին ավելի լավ ինքը կպատասխանի»:

Երեկ հայտնի է դարձել, որ Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը մտադիր են անձնական երաշխավորություն ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի համար:

Ավելի վաղ նրա համար երաշխավորել են Արցախի գործող եւ նախկին նախագահները: Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել էր Վերաքննիչ դատարանում: