ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ֆոնդային շուկան կփլուզվի, եթե նա պարտություն կրի ընտրությունները, փոխանցում է Reuters-ը:

Հնդկաստան կատարած այցի ընթացքում Թրամփը նշել է, որ վերընտրվելու դեպքում բաժնետոմսերի գները կբարձրանան, բայց «եթե ես չհաղթեմ, դուք այնպիսի անկում կտեսնեք, ինչպիսին նախկինում երբեք չեք տեսել»:

Ըստ նրա` առաջիկայում վարչակազմը նախատեսում է հայտարարել միջին խավի համար հարկերի կրճատման մասին: Թրամփը նաեւ հավելել է, որ երկուշաբթի բաժնետոմսերի  գների կտրուկ անկումը պայմանավորված էր կորոնավիրուսի առաջացրած մտահոգություններով, սակայն Միացյալ Նահանգները վերահսկում են այդ խնդիրը:

Նա հավելել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը քրտնաջան աշխատում է այս հարցի ուղղությամբ: «Եվ ես կարծում եմ, որ ամեն ինչ վերահսկողության տակ կլինի... Կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Մենք հույս ունենք»,- ասել է Թրամփը: