Այսօր Հայաստանում դատավորների մեծ մասը կոռումպացված է, նրանք բազմաթիվ հանցագործություններ են կատարել: Այս մասին փետրվարի 25-ին ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած Հայաստանի Դատական օրենսգրքում եւ կից օրենքներում բարեփոխումների թեմայով լսումների ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Ըստ նրա` դրանք մարդիկ են, ովքեր դեմ են գնացել իրենց խղճին եւ քաղաքական պատվերներ են կատարել:

«Նրանք բազմաթիվ անարդար դատական ակտեր են ընդունել: Այս մարդիկ օգտագործել են իրենց պաշտոնները, իրավունքներ են յուրացրել: Անհրաժեշտ է մեծ զտում անցկացնել: Նախ, անհրաժեշտ է կիրառել քրեական հետապնդման մեխանիզմը, այնուհետեւ նաեւ` կարգապահական պատասխանատվություն»,- ասաց Զուրաբյանը: Միևնույն ժամանակ, ըստ քաղաքական գործչի, ներկայիս իշխանություններն այսօր «փակում են դռները» կարգապահական պատասխանատվության կիրառման համար: