ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական  նիստի ավարտից հետո, դատարանից դուրս գալով, գյուղատնտեսության նախկին նախարար, դիզվառելիքի գործով մեղադրյալ Սերգո Կարապետյանը չպատասխանեց լրագրողների հարցերին։

Նա միայն ասաց, որ հետեւեն դատաքննությանը. «Խնդրում եմ՝ հետեւեք դատական պրոցեսին, ձեր բոլոր հարցերի պատասխանը կստանաք»։

Նշենք, որ մինչեւ Կարապետյանի՝ ավտոմեքենա նստելը, դատարանի բակում հավաքվածները կրկին նրա հասցեին վանկարկում էին՝ «ամոթ»։

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 25-ին, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի գործով առաջին դատական նիստը։

Նշենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանը։

Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին եւ Գեւորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է։ Ըստ մամուլի տեղեկությունների, մեղադրանքի հիմքում Սերգո Կարապետյանի ցուցմունքն է։ Նա եւ Սերժ Սարգսյանն առերեսվել են։