Փետրվարի լույս 17-ի գիշերը ոստիկանության Էրեբունու բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց․ կոտրել էին Նոր Արեշում բնակվող մի կնոջ մեքենայի կողային ապակիներից մեկը, բացել մեքենայի դուռն ու սրահում գտնված դրամապանակից փող գողացել։ Տուժողին պատճառվել էր զգալի չափի գույքային վնաս։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Էրեբունու ոստիկանները, համագործակցելով ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ, բացահայտեցին հանցագործությունը։ Մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցում հայտնաբերված ու կասկածանքով Երեւան քաղաքի վարչություն բերման ենթարկված 29-ամյա երիտասարդը, որը Շենգավիթի բնակիչ է, տվեց խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաեւ գողացած գումարը։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բերման ենթարկվածն Արարատի մարզում արել է 10-ից ավելի գողություն ու գողության երկու փորձ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։