Rolls-Royce ընկերությունը Մեծ Բրիտանիայից, մայրցամաքային Եվրոպայից, Մերձավոր Արեւելքից եւ Միացյալ Նահանգներից իր հաճախորդների համար հասանելի է դարձրել ֆիրմային Whispers բջջային հավելվածը, որը համադրում է փակ սոցիալական ցանցի եւ դռնապան-ծառայության հնարավորությունները։ «Աշխարհի ամենաարտոնյալ ակումբի» անդամներ կարող են դառնալ միայն Rolls-Royce նոր ավտոմեքենաների սեփականատերերը, հայտնում է Motor-ը։

Whispers հավելվածը նախեւառաջ Rolls-Royce-ի մյուս սեփականատերերի, Rolls-Royce Motor Cars-ի գործադիր տնօրենի եւ տնօրենների խորհրդի անդամների հետ շփման հարթակ է։ Ծառայությունը կարելի է համեմատել LinkedIn պրոֆեսիոնալ սոցցանցի հետ, միայն ավելի փակ է եւ էլիտար։ Սրա մասնակիցները նույնպես կարող են նոր կապեր ստեղծել, կիսվել բիզնեսի հնարավորություններով եւ ամրապնդել կապերը։

Ի դեպ, միայն շփումով գործը չի սահմանափակվում։ Rolls-Royce-ի հաճախորդները հավելվածի միջոցով հասանելիություն են ստանում տարատեսակ անհատական նախագծերին, շոու-բիզնեսի աստղերի եւ սիմֆոնիկ նվագախմբերի փակ ելույթներին, զանազան հետաքրքիր միջոցառումներին, ընդհուպ Անտարկտիդա մեկնող արշավախմբին մասնակցությանը։ Արտադրողի խոսքերով՝ Whispers-ը պետք է դառնա «թվային տիեզերք», որը կմիավորի աշխարհի ամենաազդեցիկ եւ հանրահայտ մարդկանց։