Մենք հստակ ընդգծել ենք դատական համակարգի փոփոխության ճանապարհը, դատաիրավական փոփոխությունների ռազմավարությունը, որտեղ մանրամասն գծած է, թե ինչպես է կայանալու անկախ դատական համակարգը և ահա եկել է Սահմանադրական դատարանը որպես ինստիտուտ կայացնելու հերթը։ Այս մասին այսօր «Այո»-ի շտաբի դրամահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի կարծիքով՝ եկել է պահն արձանագրելու, թե ինչ է հարկավոր Հայաստանի Հանրապետությունը հզոր, կենսունակ ինքնիշխան, լիարժեք պետություն դարձնելու համար։ «Դրա համար մեզ հարկավոր են ինստիտուտներ», ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Բոլոր տեսություններն ապացուցել են, որ հնարավոր չէ ունենալ մրցունակ պետություն առանց ինստիտուտների և մեր այս ճանապարհն իրականում ինստիտուտների կայացման ճանապարհ է, 2018-ի մայիսին ՀՀ-ում արձանագրվեց ինստիտուտներից կարևորագույնի՝ քաղաքացու հաղթանակը: Այնուհետև մենք շատ արագ փակեցինք ընտրությունների և առհասարակ կեղծիքների ինտիտուտը։ Հաջորդ փուլում կայացավ Ազգային ժողովը, որովհետև ՀՀ պատմության մեջ մենք, բացառությամբ՝ 1999-ի ընտրությունների, երբեք չենք ունեցել ընտրությունների միջոցով կայացած Ազգային ժողով: ԱԺ-ի ամենամեծ գնահատականն այն է, երբ Ադրբեջանում հստակ արձանագրեցին, որ իրենց խորհրդարանն այլևս մրցունակ չէ ՀՀ-ի ԱԺ-ի հետ և հայտարարեցին խորհրդարանական ընտրություններ: Հաջորդ ինստիտուտը, որը կայացավ, կառավարությունն է, որովհետև ՀՀ ժողովուրդն ընտրեց կառավարություն և վարչապետ», ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ երկու դրվագ կա, թե ինչու չի կայացել ՍԴ-ն որպես ինտիտուտ. «Առաջինը, որ կա ՍԴ-ի կոնկրետ նկարագրություն, բայց այդպիսի ՍԴ Հայաստանը չունի և եթե այսօր փոփոխություն չանի, չի ունենա նկարագրածի պես ՍԴ մինչև 2035  թվականը, իսկ հաջորդը՝ ՀՀ սահմանադրության ոչ փոփոխելի 2-րդ հոդվածը արձանագրում է, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին»:

«Եվ հարց. այսօր ՀՀ-ում գործող ՍԴ-ն ո՞ւմ է ներկայացնում, ումի՞ց է բխում իշխանությունը, մենք կարող ենք բարձրաձայնել տասնյակ հազարավոր վարկածներ, բայց մի բան հստակ է, այս պահին գործող ՍԴ-ն որևէ իշխանություն՝ չունի ստացած ժողովրդից, և վայելում է ՀՀ ժողովրդի բացարձակ անվստահությունը: Չփոխել այս ինստիտուտը, դա նույնն է, թե հավատալ այն բանին, որ կարելի է ունենալ S դասի «Մերսեդես», երբ նրա վրա տեղադրված են «Մոսկվիչ» 408-ի անվադողներ, ու առաջ գնալ: Մենք այսօր պետք է մեր հայրենիքում իրականացնենք ինստիտուցիոնալ բարեփոխումներ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝  ինքն ու իր թիմը լինելու են բոլոր քաղաքներում եւ ակտիվ մասնակցելու են քարոզարշավին.

«Հանրաքվեում, անկախ արդյունքներից, հաղթելու է ՀՀ անկախ ու հպարտ քաղաքացին, այս քաղաքական թիմը կկտրի իր ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի ձեռք չի տա, ես անձամբ կկտրեմ իմ ձեռքերը և մի կեղծիք անգամ թույլ չեմ տա, որովհետև դա կնշանակի ջնջել այն արժեքները, որոնց վրա մենք կանգնած ենք», ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: