Նախընտրել եմ քարոզարշավի ընթացքում լինել մարզում, ընդ որում չեզոք մարզում, որի մասին առանձնապես տեղեկություններ չունեմ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասել  է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Բադալյանը, նաեւ պարզաբանել, թե չեզոք ասելով ինչ նկատի ունի. «Այսինքն ես արմատներով մի կողմից Տավուշի մարզից եմ, մյուս կողմից՝ Վայոց Ձորից, շատ լավ ծանոթ եմ այնտեղի խնդիրներին, բայց ընտրել եմ Լոռու մարզը, որպեսզի տեղում ապրեմ այդ մարդկանց հետ, տեսնեմ նրանց խնդիրները։ Մենք՝ պատգամավորներս, հատկապես՝ Երեւանից, ժամանակ չենք գտնում, այսինքն խնդիրների մասին տեղեկացնելու պատասխանատվությունը դրված է մարզից եկած պատգամավորների վրա»։

Իր գործընկեր Վաղարշակ Հակոբյանի խոսքերը, թե ժողովուրդը դատափետելու է Ռուբեն  Մելիքյանին «Ոչ»-ի շտաբը գլխավորելու համար, Լուսինե Բադալյանը չի մեկնաբանել. «Գործընկերս ինքը կմեկնաբանի՝ ինչ է նկատի ունեցել։ Բայց կարծում եմ, որ «Ոչ»-ի ճակատը սարսափելի բան չէ, այն պետք է լինի։ Ինձ շատ ավելի անհանգստացնում է «Ոչ»-ի՝ լուրջ ճակատ չլինելը, այսինքն ես հասկանում եմ, որ «Ոչ» ասելու հիմնավոր պատճառ չկա եւ մարդիկ, որոնք դեմ են այս գործընթացներին,  ավելի շատ համոզելու են ժողովրդին չմասնակցել հանրաքվեին։ Իսկ ինչ վերաբերում է մարդկանց, որոնք վստահ են, որ պետք է «Ոչ» ասել այն գործողությունների փաթեթին, որ մենք նախաձեռնել ենք... բազմակարծությունը ժողովրդավարության հիմքն է եւ պետք է լինեն քննադատություններ, որ ինձ՝ որպես քաղաքական թիմի անդամ,  կարողանում են ճիշտ ուղղորդել, մտածելու, կասկածելու տեղիք են տալիս, որ այն գործողությունները, որ ձեռնարկում եմ կամ ճանապարհը, որով գնում եմ, կարող է անկատար լինել եւ ես վերանայելու կարիք ունեմ»։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամը ցանկանում է «հեռու մնալ «Ոչ»-ի ճակատը քննադատելուց. «Բայց սիրով կքննադատեմ նրանց, ովքեր հակառակն են անում, այսինքն ժողովրդին հորդորում են չմասնակցել, ստիպում են չմասնակցել, առավել եւս՝ սպառնում են։ Ժողովրդի կամարտահայտության վրա ճնշում գործադրել ուղղակի չի կարելի։ Իսկ եթե ժողովուրդը կամ ինչ-որ մեկն ունի որեւիցե երեւույթի մասին կարծիք, ապա նա չպետք է վախենա այն արտահայտելուց։ Ինձ համար ավելի հարգանքի է արժանի ՀՀ այն քաղաքացին, որ կգնա ու «Ոչ» կասի, քան այն, որ չի գնա։ Նույնիսկ եթե ինքն է որոշել չգնալ, դա էլ է հարգանքի արժանի։ Բայց երբ քարոզներ են արվում եւ դրան տրվում է ՀՀ քաղաքացին, ես սա դիտարկում եմ ճնշում կամարտահայտության վրա»։

Ըստ Լուսինե Բադալյանի՝ իրենք «վայրկյան անգամ կասկած չունեն», որ իրենց ճանապարհը ճիշտ է եւ պետք է հանրաքվեին մասնակցել եւ ասել  «Այո».

«Հաճախ ենք ասում՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ուրեմն հաղթանակը պիտի լինի ժողովրդինը։ Եթե ժողովուրդը որոշել է, որ «Ոչ», ապա հաղթանակը պիտի լինի իրենը, ոչ թե իմը։ Հաղթանակը իմը չէ։ Ես ժողովրդի քվեն ստացած եւ իր շահերը պաշտպանող մարդն եմ, վերանանք քաղաքական թիմի անդամ լինելուց»։

Հարցին՝ արդյո՞ք ժողովուրդն է որոշել, որ Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխության հանրաքվել լինի, Լ.Բադալյանը պատասխանել է.

«Կան հարցեր, որոնք ժողովուրդը քեզ պատգամել է, որպեսզի որոշումներ ընդունես։ Հիմա, ժողովուրդը համաձայն է, թե համաձայն չէ, կտեսնենք հանրաքվեի արդյունքներից։ Ավելի լավ միջոց, քան հանրաքվեն է՝ լսելու ժողովրդին, իմանալու նրա տրամադրությունը ես ուղղակի չեմ պատկերացնում։ Այսինքն՝ այստեղ մեծ մեղք տեսնելը, վտանգներ փնտրելն ինձ համար անհասկանալի է»։