Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցել է իի անմեղությունը:

Այս առնչությամբ Տիգրան Աթանեսյանը գրել է. «ՀՀ ՊՎԾ կասեցված ղեկավար պ-ն Դ.Սանասարյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել եւ հայտնել, որ իր կողմից անչափահասի վրաերթի քրեական գործը կարճվել է, քանի որ փորձագետը հաստատել է իր անմեղությունը: Ինքը երբեւէ <..երեխային մեքենայի տակ չի գցել, երեխան իր անզգուշության արդյունքում կողքից դիպչել է մեքենային ու վայր ընկել»:
Որպես անչափահաս տուժողի ներկայացուցիչ պետք է հանրությանը հայտնեմ հետեւյալը՝

Քրեական գործի նյութերով ոչ թե հերքվել է, այլ հաստատվել է Դ.Սանասարյանի կողմից անչափահաս Ա.Ղ.-ին վրաերթի ենթարկելու փաստը:

Դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը պարզապես գտել է, որ նա տեխնիկական տեսակետից հնարավորություն չի ունեցել կանխելու վրաերթը: Այդ եզրահանգման հետ տուժող կողմը չի համաձայնվել, հարցաքննվել է փորձագետը, այնուհետեւ միջնորդություն է ներկայացվել լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին, ինչը հավանաբար, դատելով Դ.Սանասարյանի գրառումից, մերժվել է, իսկ քրեական գործի վարույթը կարճվել է: Որոշումը տուժող կողմը չի ստացել, ստանալուն պես այն կբողոքարկվի:

Հիշեցնեմ, որ վրաերթի հետեւանքով անչափահաս Ա.Ղ-ն ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Հ.Գ. Ավելի մանրամասն իրավիճակը, այն է՝ դատաավտոտեխնիկական ոլորտի փորձագետի տարօրինակ եւ անհասկանալի մոտեցումները, կներկայացնեմ հետագայում՝ որոշումը ստանալուց հետո:

Երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցեց իմ անմեղությունը. Դավիթ Սանասարյան