Փետրվարի 25-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ գործընկերության բազմաշերտ օրակարգի շուրջ, ընդգծվեց Արեւելյան գործընկերության կարեւորությունը՝ որպես ԵՄ հետ ընդհանուր արժեքների եւ ամրագրված նպատակների կյանքի կոչմանն ուղղված կարեւոր հարթակ: Զրուցակիցները շեշտեցին Հայաստան - Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվեց ՀՀ-ԵՄ երկկողմ եւ բազմակողմ միջոցառումների առաջիկա ժամանակացույցը:

ԵՄ բարձր ներկայացուցչի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրեց ԼՂ հիմնահարցում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը եւ մոտեցումները, ինչպես նաեւ անդրադարձավ խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում վերջին հանդիպումներին: