Լոնդոնի ֆոնդային բորսայում բրիտանական ընկերությունների բաժնետոմսերի արժեքը վերջին երկու օրվա ընթացքում նվազել է մոտ 100 միլիարդ ֆունտով (ավելի քան 126 միլիարդ դոլար)` աշխարհում նոր կորոնավիրուսի տարածման եւ գլոբալ տնտեսությանն ուղղված սպառնալիքների ֆոնին: Երեքշաբթի օրը կայացած աճուրդի արդյունքում FTSE-100 ինդեքսը, որը հաշվարկելիս որպես հիմք են ծառայում առավելագույն կապիտալիզացիա ունեցող հարյուր ընկերությունների բաժնետոմսերը, նվազել է 1.94 տոկոսով` մինչեւ 7017 կետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես հաշվարկել է The Guardian թերթը, միայն փետրվարի 25-ի ընթացքում բրիտանական ընկերությունների ընդհանուր կապիտալիզացիան նվազել է մոտ 35 միլիարդ ֆունտով (45.5 միլիարդ դոլար): Մեկ օր առաջ` Իռլանդիայում, Իրանում եւ այլ երկրներում կորոնավիրուսների ակտիվ տարածման ֆոնին, FTSE-100-ը հինգ ամսվա ընթացքում ցույց տվեց իր ամենաակտիվ անկումը. թագավորության հարյուր առաջատար ընկերությունների բաժնետոմսերի արժեքը նվազել էր եւս 62 միլիարդ ֆունտով (81 միլիարդ դոլար):

Անկման առաջատարներն էին զբոսաշրջության հետ կապված ընկերությունները, որոնք շատ էին տուժել մի շարք երկրներ մուտքի սահմանափակումներից, նախազգուշացումներից ձեռնպահ մնալ այցելություններից այն շրջաններ, որտեղ վարակի դեպքեր էին հայտնաբերվել: Էականորեն ընկել է նաեւ լյուքս դասի ապրանքներ արտադրող ընկերությունների բաժնետոմսերի արժեքը, որոնց վաճառքներն իրենց համար կարեւոր չինական շուկայում կտրուկ կրճատվել են:

«Կասկած չկա, որ ֆինանսական շուկաները գալիս են այն գիտակցմանը, որ ներկայիս ճգնաժամը, հավանաբար, մի փոքր ավելի երկար կտեւի, քան շատերը կարծում էին մի քանի շաբաթ առաջ»,- Daily Mail-ին տված իր մեկնաբանությունում նշել է CMC Markets-ի վերլուծաբան Մայքլ Հյուսոնը: Ըստ նրա` կարճաժամկետ հեռանկարում դժվար է իրավիճակի կայունացում ակնկալել, եւ ներդրողները պետք է ընտելանան «տեւական անորոշությանն ու անկայունությանը»: