Հաջող բանակցություններ վարելու համար Արցախի ղեկավարությանն անհրաժեշտ է լեգիտիմ մանդատ: Այս մասին հայտարարել է ICES փորձագիտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ցինկերը:

«Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 89-րդ եւ 109-րդ հոդվածներով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ է նշանակել 2020 թվականի մարտի 31-ին: Ահա այդպես՝ խիստ պաշտոնապես, Ընտրական օրենսգրքին համապատասխան ընտրական գործընթաց է սկսվել այդ դե ֆակտո պետությունում: Արդեն 29 տարի է՝ Արցախի քաղաքացիներն իրացնում են սեփական պետական կառույցները ձեւավորելու իրենց անքակտելի իրավունքը ժողովրդավարական եւ ազատ կամարտահայտման միջոցով: ԼՂՀ կազմավորման ժամանակ սկզբնապես մեծ ուշադրություն էր հատկացվում հանրապետության ինստիտուցիոնալ-օրենսդրական հիմքերի ստեղծմանը»,- ասել է նա:

Քաղաքագետը նշել է, որ Արցախի քաղաքացիները պետությունն ու իշխանության ինստիտուտները ստեղծել են հասարակության եւ էլիտայի կոնսենսուսի միջոցով, ինչն արտահայտվել է երկու առանցքային՝ 1991 թվականին Լեռնային Ղարաբաղի Անկախության եւ 2006 թվականին ԼՂՀ Սահմանադրության ընդունման մասին հանրաքվեների անցկացման ժամանակ: Ընդ որում, կոնսենսուսի հիմքում ընկած են եղել քաղաքացիների ինքնորոշման եւ իրավունքների, անվտանգության եւ արտաքին մարտահրավերներին հակազդելու հարցերը:     

Այդպիսով, Արցախի Հանրապետությունը սկզբնապես ձեւավորվել է որպես ազգային պետություն, որտեղ ընտրական գործընթացները եղել են քաղաքական կյանքի անբաժանելի մասը: Եթե ճշմարիտ համարենք «ժողովրդավարացումը որպես հակամարտությունների կարգավորման պարտադիր պայման» թեզը, ապա ընտրությունների միջոցով ժողովրդավարացումը ոչ միայն քաղաքական աբստրակցիա է, այլ նաեւ իրական միջոց անկախության պահանջներին ավելի մեծ կշիռ տալու համար:

«Ընտրական գործընթացների ոլորտում մասնագետների համար զարգացող ժողովրդավար երկրներում ընտրական ընթացակարգերի ուսումնասիրությունն ինչպես ակադեմիական հետաքրքրություն, այնպես էլ գործնական արժեք է իրենից ներկայացնում: Այդ կապակցությամբ ICES միջազգային կենտրոնի փորձագետները 2012 եւ 2015 թվականներին որպես դիտորդներ գտնվել են Լեռնային Ղարաբաղում: Մեր փորձագետները բազմիցս հետեւել են հետխորհրդային տարածքի երկրներում ընտրություններին: Տարօրինակ կարող է թվալ, սակայն ընտրական գործընթացի կազմակերպման եւ անցկացման ամենաբարձր մակարդակը մենք նկատել ենք հենց ԼՂՀ-ում:

Ընտրությունների անցկացման բարձր պահանջներ ներկայացնելով՝ ԼՂՀ ղեկավարությունը ցույց է տալիս, որ հանրապետությունն ապրում է ժողովրդավարական օրենքներով, եւ որ իշխանության ինստիտուտները հասարակության կողմից լեգիտիմ են համարվում, ինչպես նաեւ այն, որ ԼՂՀ-ում ընտրական ընթացակարգերը երաշխավորում են հանրապետությունում ներքին խաղաղությունն ու կայունությունը: 

Միեւնույն ժամանակ, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում ներառված երկրներից ոչ մեկը չեն ճանաչում ԼՂՀ-ում ընտրությունները: Այդ կապակցությամբ բնական հարց է առաջանում. եթե միջազգային հանրությունն ու նրա կառույցները դե յուրե չեն ճանաչում այդ ընտրությունները, ապա ինչո՞ւ են հանրապետությունում ձգտում դրանք անցկացնել եւ բավարարել ամենաբարձր պահանջներին:

Պատասխանը մակերեսի վրա է: Չնայած ԼՂՀ չճանաչված կարգավիճակին՝ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների բոլոր արշավներին ներկա են եղել արտասահմանյան դիտորդներ, որոնք ներկայացրել են տարբեր միջազգային կազմակերպություններ: Արցախում ընտրություններին արտասահմանյան դիտորդների ներկայությունը եւ նրանց դրական եզրակացությունը՝ թեպետեւ ոչ պաշտոնական մակարդակով, կարող է հաստատել ոչ միայն իշխանության լեգիտիմությունը, այլ նաեւ բանակցություններ վարելու համար ժողովրդից ստացած լեգիտիմությունը: Եվ դա կարեւոր կետ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

Չպետք է մոռանալ, որ ԵԱՀԿ ՄԽ ստեղծման պահից սկսած ԼՂՀ-ն ներկայացվել է եռակողմ բանակցություններում, եւ կարելի է պնդել, որ Ստեփանակերտը դե յուրե ճանաչվել է հակամարտության կողմ: Սակայն հետագայում Արցախի Հանրապետությունը դուրս է մնացել բանակցային գործընթացից, եւ այսօր պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել, երբ բանակցությունների ձեւաչափը չի համապատասխանում հակամարտության ձեւաչափին: Բարեբախտաբար, վերջին շրջանում Հայաստանում սկսել են խոսել Արցախը բանակցություններում ներգրավելու անհրաժեշտության մասին: Ահա այդ պատճառով ներկայիս եւ կրկին ընտրված նախագահին եւ խորհրդարանին անհրաժեշտ է լեգիտիմ մանդատ՝ ամրապնդված Արցախի Հանրապետության ժողովրդի ձայներով»,- եզրափակել է Ալեքսանդր Ցինկերը:

Հիշեցնենք, որ Արցախում նախընտրական քարոզարշավ է սկսվել փետրվարի 26-ին: Նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ  կանցկացվեն մարտի 31-ին: