Հայաստան-ԵՄ հարաբերություններում կարեւոր բաղադրիչ են էկոլոգիայի եւ կլիմայի փոփոխության ոլորտի ծրագրերը: Այս մասին այսօր ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործընթացի թեմայով ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած լսումների ընթացքում հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը ղեկավարվում է ԵՄ 10-ից ավելի դիրեկտիվներով: Համաձայն SEPA իրականացման հարցով «ճանապարհային քարտեզին»՝ նախատեսված է իրականացնել 100-ից ավելի գործողություն, որոնցից 80-ն իրականացնում է շրջակա միջավայրի նախարարությունը: «Նախնական տվյալներով՝ դրանց իրականացման համար կտրամադրվի մոտ 60 մլն եվրո: Աշխատանքների մի մասն արդեն իրականացման փուլում է»,- պարզաբանեց նախարարը:

Նա նշեց, որ 2020 թվականին նախատեսվում է իրականացնել 25 գործողություն, որոնց ճնշող մասը վերաբերում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը: Ընդ որում, նախարարը նշեց, որ տվյալ գործողությունների փաթեթն արդեն պատրաստ է եւ մոտ ժամանակներս կներկայացվի կառավարությանը:

Բացի այդ, Գրիգորյանը նկատեց, որ Հայաստանը միջազգային 20 կոնվենցիաների մասնակից է, որոնցից 8-ը՝ եվրոպական կոնվենցիաներ: Այդ մասը նաեւ ակտիվ համագործակցություն է ընթանում ԵՄ երկրների հետ: