Փետրվարի 25-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության դատական համակարգի ղեկավարի՝ միջազգային հարցերով տեղակալ, Իրանի մարդու իրավունքների գերագույն խորհրդի քարտուղար Ալի Բաղերիի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին Հայաստանի եւ Իրանի միջեւ դարավոր բարեկամության եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակը եւ տարբեր հարթություններում առկա երկխոսության դինամիկան։

ՄԻԽ 43-րդ նստաշրջանի օրակարգի եւ աշխատանքների համատեքստում կողմերը շեշտադրեցին մարդու իրավունքների, այդ թվում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կարեւորությունը:

Նախարար Մնացականյանն իր զորակցությունը հայտնեց զրուցակցին եւ Իրանի բարեկամ ժողովրդին Իրանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։