Իր ֆեյսբուքյան էջում Մարուքյանը գրում է հետեւյալը.

Սումգայիթյան ողբերգությանը վերաբերյալ Լեւ Ասկերովի` «Նեզավիսիմայա գազետա»-ում հոդվածի մասին.

Ոչ բոլորը գիտեն, որ «Նեզավիսիմայա գազետա»-յի նշանաբանը հետեւյալն է. «Sine ira et studio», որը լատիներենից թարգմանաբար նշանակում է «առանց զայրույթի եւ կողմնակալության»: Որքան տխուր է գիտակցել, որ լրագրողները հաճախ մոռանում են պատճառը, թե ինչու են որոշել զբաղվել իրենց գործունեությամբ: Հենց նման «օբյեկտիվության ջատագովների» ձեռքին է տեղեկատվությունն իսկական զենք դառնում: Ասկերովի վերջին հոդվածը` «Սումգայիթի ողբերգությունը. ինչի՞ց է սկսվել և ինչպես է դա եղել» ինձ հուշեց, որ «անկախությունից» թերթին մնացել է միայն անունը, իսկ «ան» կողմնակալությոնից` միայն «ան»-երը:

Այս հոդվածի հեղինակը` Լեւ Ասկերովը, իսկական «Բաքվի սուրհանդակ» է դարձել «Նեզավիսիմայա գազետա»-յում (թերթի անվանումը, որում նա գլխավոր խմբագիրն է): Եվ խնդիրն ամենեւին էլ այդպիսի «դեղին» հոդվածի առկայություն մեջ չէ, այլ նրանում, որ այն տարածում են տասնյակ հազարավոր մարդիկ` առանց տեղեկատվության ճշգրտության համար որեւէ պատասխանատվության: Գոյություն ունի կրագրողի հայտնի պարտականությունը, որը նախատեսված է «Զանգվածային լրատվության միջոցների մասին» Ռուսաստանի Դաշնության 49 օրենքի 1-ին մասի 2-րդ կետով` ստուգել տրամադրվող տեղեկատվության ճշգրտությունը:

Իսկ այժմ` ավելի խորքային խնդրի մասին: Սումգայիթյան ողբերգություն: Մենք տասնյակ տեղեկություն ունենք զոհերի քանակի մասին: Ըստ ԽՍՀՄ գլխավոր դատախազության պաշտոնական տվյալների` անկարգությունների հետեւանքով զոհվել է 32 մարդ` 26 հայ եւ 6 ադրբեջանցի: Ֆրանսիացի պատմաբան Կլոդ Մութաֆյանը 32 մարդու մահվան պաշտոնական տվյալները «ծաղրական նվազեցում» է անվանում: The Washington Post-ը 1989 թվականի սեպտեմբերի 6-ին թվագրված հոդվածում գրում է 200 զոհված հայի մասին: Բրիտանացի պատմաբան Քրիստոֆեր Ուոքերը խոսում է զոհերի շատ ավելի մեծ թվի մասին: Ամերիկացի պատմաբան Փիթեր Քենեզը գրում է 90 հայ զոհի եւ հարյուրավոր վիրավորների մասին: Ամերիկացի պատմաբան Զորջ Բերնությանն ու բրիտանացի պատմաբան Զեֆրի Հոսկինգը նշում են հարյուրավոր զոհերի մասին:

Անփոփոխ ու անսասան է միայն մեկ փաստ, որը պաշտոնապես ճանաչվել էր Մոսկվայում ԽՍՀՄ Կենտկոմի Քաղբյուրոյի նիստին. Սումգայիթում զանգվածային ջարդերն ու սպանությունները իրականացվել են ազգային հիմունքներով:

Ըստ էության, Սումգայիթը եւ այն ամբողջ մղձավանջը, որ տեղի ունեցավ 1988-ի փետրվարին, ավելի սարսափելի խնդրի խորհրդանիշ է, քան Լեռնային Ղարաբաղը: Սումգայիթը ուղնուծուծով արտացոլում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հայատյաց տրամադրվածությունը, որն արտահայտվում է ցեղասպանություն գործելու մշտական ձգտումներով: Իսկ ի՞նչ է ցեղասպանությունը: Հատված մեջբերեմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիայից. «Սույն Կոնվենցիայում ցեղասպանությունը նշանակում է հետեւյալ գործողությունները, որոնք կատարվում են` նպատակ ունենալով ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացնել որեւէ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբի` ա/  նման խմբի անդամների սպանությունը. բ) նման խմբի անդամներին լուրջ մարմնական կամ հոգեկան վնաս պատճառելը»:

Հայ բնակչությունն ամբողջովին կամ մասնակիորեն ոչնչացնելու հենց այս չիրականացող գործողությունն է այն խնդրի արմատը, որը մենք բոլորս պետք է ներառենք արդիական օրակարգում: Հենց սա է հակամարտության լուծման բանալին: Եթե հայատյացությունը քարոզվում է Ադրբեջանում պետական մակարդակով (ինչպես վկայում են հանցագործությունների կոծկման փաստերը, «գիշերային մարդասպանների» հերոսացման փաստերը, 2016 թվականի քառօրյա պատերազմի վայրագությունների եւ մշակութային ժառանգության ոչնչացման եւ յուրացման փաստերը. ցուցակը կարելի է անվերջ շարունակել), արդյո՞ք կարելի է խոսել այս երկրում հայերի անվտանգության մասին: Հարցը հռետորական է, իսկ դրա պատասխանն այն է, որ միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչումը կապահովի մարդկանց անվտանգությունը: Իսկ Լեւ Ասկերովի պատմությունը, ով այդքան հմտորեն ուսումնասիրում էր ԽՍՀՄ ՊԱԿ-ի արխիվները եւ իբր գտել էր «Ադրբեջանի ԽՍՀ ՊԱԿ-ի հակահետախուզական գնդապետ Թոմազ Գեորգիեւիչ Կարիչաձեի զեկուցագիրը», կարծես, հանգուցյալների հիշատակի նկատմամբ մեկ այլ ծաղր եւ էժան քարոզչություն է լինի:

Ես մեջբերում հիշեցի Ֆ. Դոստոեւսկու իմ սիրելի «Ոճիր եւ պատիժ» վեպից. «Եւ ի՞նչն է այստեղ ամենացավալին. ոչ թե այն, որ նրանք ստում են. սուտը միշտ կարելի է ներել. սուտը լավ բան է, քանի որ տանում է դեպի ճշմարտություն: Ո'չ, այն է ցավալի, որ ստում են եւ սկսում հավատալ սեփական ստին»: Եվ ահա եւս մեկ մեջբերում նույն վեպից. «Ոճիրին հաջորդում է պատիժը»:

32 տարի անց մենք հիշում ենք Սումգայիթի ողբերգության զոհերին, գլուխ ենք խոնարհում նրանց առջեւ եւ պատասխանատու հայտարարում, որ մենք թույլ չենք տա, որ դա կրկին տեղի ունենա»: