Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հայտարարի, որ նրանք մեր երկրին փակուղու մեջ են դրել, քանի որ անտեսվում է ղարաբաղյան հակամարտության պատմական գործոնը: Այս մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սումգայիթ... Ցեղասպանություն... Հրապարակայնությո՞ւն» գրքի համահեղինակ Հրայր Ուլուբաբյանը:

Նա հավելեց, որ Ադրբեջանի հարցը պետք է դատարանում լուծվի: «Ինչպե՞ս հնարավոր եղան Սումգայիթում իրադարձությունները, ինչո՞ւ է կրկնվում սումգայիթյան ֆենոմենը: Մեկ ամիս առաջ Բաքվում ջարդերի 30-ամյակի առիթով երկրի ղեկավարությունը հայտարարել է այդ ողբերգական իրադարձությունների կրկնվելու անթույլատրելիության մասին: Բայց այդ դեպքում ինչպե՞ս  բացատրել այն, ինչ կատարվեց 2016 թվականին, մենք դա ինչո՞ւ չէինք կանխատեսել: Հայ-ադրբեջանական հակամարտությունը սկսվել է 1918 թվականին Թուրքիայի կողմից Ադրբեջանի ստեղծմամբ՝ որպես «Մեծ Թուրան» ծրագրի իրականացման քայլերից մեկը, որից Անկարան երբեք չի հրաժարվել»,- նշեց Հրայր Ուլուբաբյանը:

Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 26-29-ին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցել հայերի զանգվածային ջարդեր, որոնց ժամանակ պաշտոնական տվյալներով զոհվել են 27 եւ վիրավորվել հարյուրավոր հայեր: Մի քանի օրվա ընթացքում 18 հազար հայեր քաղաքից հեռացել են: Երկու տարի հետո՝ 1990 թվականի հունվարի 13-19-ին հայերի զանգվածային ջարդեր տեղի ունեցան արդեն Բաքվում: Զոհվեց մոտ 100  մարդ, ավելի քան 200 հազարը արտաքսվեց: