Եվրամիության հետ աշխարհաքաղաքական հարցերի շուրջ ակտիվ քննարկումներ են տարվում: Այս մասին այսօր ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործընթացի թեմայով ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած լսումների ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:
Այդ կապակցությամբ նա նշեց, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Նա նաեւ անդրադարձավ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության՝ SEPA ծրագրի կարեւորագույն կետերից մեկին, վստահեցնելով, որ պաշտոնական Երեւանը հետեւողական քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ: «Հայկական կողմը իրազեկման այցեր է կազմակերպել ԵՄ մի շարք երկրներ: Հայկական կողմը այդ հանդիպումներում մշտապես նշում է, որ ազատականացման մասին երկխոսությունը ենթադրում է միայն երկխոսություն, այլ ոչ թե միանգամից հեշտացված մուտք»,- նշեց պաշտոնյան՝ վստահեցնելով, որ Հայաստանը բավարարել է բոլոր պահանջները վիզային ռեժիմի ազատականացման եւ ռեադմիսիայի մասին համաձայնագրի իրականացման շրջանակում առաջին փուլում, ինչը հաստատել է եվրոպական կողմը:
Ավետ Ադոնցը կարծիք հայտնեց, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ: