ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից:

Այս առնչությամբ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի Facebook-ի էջը հայտում է հետեւյալը.

«Սամվել Գրիգորյանը 2020թ. հունվարի 24-ից գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ:

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին կետի 1) ենթակետի.

«1. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է`

1) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերի». այն է՝ «7) աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր, եթե օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով)»:

Քիչ առաջ Կենտրոնի աշխատակազմին առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը ներկայացրեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին, ինչը դիտարկում ենք որպես մեր արդարացի պահանջները չլսելու, մեզ լռեցենելու փորձ, ինչն անընդունելի է:

Կենտրոնի աշխատակիցներն օրենքի շրջանակում շարունակելու են արտահայտել իրենց անհամաձայնությունը Կենտրոնի շուրջ ծավալվող գործընթացների վերաբերյալ»: