Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերություններն ակտիվորեն զարգանում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործընթացի թեմայով ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած լսումների ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը:

Նա այս կապակցությամբ հիշեցրեց, որ երկկողմ հարաբերությունների օրակարգի զարգացման հիմքը SEPA-ն է, որը ստորագրվել է դեռեւս 2017 թվականին, որի դրույթների 80 տոկոսի իրականացումը սկսվել է դեռեւս 2018 թվականին: Ադոնցի խոսքով՝ այս փաստաթուղթը Երեւանի եւ Բրյուսելի միջեւ հարաբերությունների յուրօրինակ սահմանադրություն է: «Փաստաթղթի դրույթների մնացյալ 20 տոկոսը ուժի մեջ է մտնելու այն բանից հետո, երբ ԵՄ բոլոր երկրները SEPA-ն վավերացնեն: Այսօրվա դրությամբ ԵՄ 22 երկրներում վավերացման գործընթացն ամբողջությամբ ավարտվել է, եւս հինգում մոտ է ավարտին: Օրերս Ավստրիան պետք է ավարտի բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը»,- հայտնեց դիվանագետը:

Ընդ որում՝ նա հավելեց, որ Հայաստանի Կառավարությունը կարեւորում է SEPA-ի իրականացման հարցում քաղաքացիական հասարակության դերի մեծացումը, ինչի մասին բազմիցս ասվել է: Այս համատեքստում փոխնախարարը նշեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ անցյալ տարի անցկացված խորհրդակցությունների կարեւորությունը, որոնց շնորհիվ մշակվել է գործողությունների «ճանապարհային քարտեզ»: Ավետ Ադոնցը նաեւ հայտնեց, որ շուտով նախատեսվում է սկսել այս խորհրդակցությունների երկրորդ փուլը: