ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքական առաջնահերթություններից է: Այս մասին այսօր ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործընթացի թեմայով ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած լսումների ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:

Նա վստահեցրեց, որ Եվրամիության հետ բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը հետեւողականորեն զարգանում եւ խորանում է: «Եվրամիությունը Հայաստանի առանցքային առեւտրատնտեսական գործընկերներից մեկն է, եւ փոխգործակցությունն իրականացվում է GSP+ ռեժիմով: Դրա հետ մեկտեղ ԵՄ-ն Հայաստանի կարեւորագույն գործընկերն է բարեփոխումների ամբիցիոզ օրակարգի իրականացման հարցում, հատկապես այնպիսի առանցքային ուղղություններով, ինչպիսիք են՝ դատական համակարգը եւ ոստիկանությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքների պաշտպանությունը, էներգետիկան, էկոլոգիան եւ այլ ոլորտներ»,- ասաց Ադոնցը: