Գերմանիայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստացի մերժեց Մադրիդյան սկզբունքները եւ նորն առաջ քաշեց՝ Մյունխենյան սկզբունքները: Այս մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը՝ հավելելով, որ դրանք ուժեղ են, բայց վերջնամշակման կարիք ունեն:

Նրա խոսքով՝ Փաշինյանի թեզն այն մասին, որ չկան տարածքներ, այլ կա անվտանգություն, կարեւոր է այն տեսանկյունից, որ անվտանգությունը սերտորեն կապված է ցեղասպանության խնդրի հետ: «Մենք կարող ենք Ադրբեջանի հանցավոր գործողությունները կանխել ոչ թե ՄԱԿ Կոնվենցիայի միջոցով, այլ Կասպիցի արմատական ժողովուրդների իրավունքների եւ շահերի պաշտպանության ճանապարհով: Հենց այս տեսանկյունից է բացատրվում վարչապետի թեզն այն մասին, որ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի երեք կողմերի համար: Փաշինյանը նկատի ունի Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին, որոնց իրավունքներչը պետք է հաշվի առնվեն»,- նշեց նա:

Ավագյանը հավելեց, որ սումգայիթյան իրադարձություններին դեռեւս չի տրվել իրավա-քաղաքական գնահատական: «Ադրբեջանն այսօր էլ է պատրաստում հայասպանություն եւ դա չի թաքցնում՝ մեզ անվանելով ագրեսորներ եւ թշնամիներ»,- շեշտեց նա:

Մարիամ Ավագյանը համոզմունք հայտնեց, որ չնայած պաշտոնապես հայտարարվել է այդ իրադարձությունների 27 զոհի մասին, սակայն բազմաթիվ ուսումնասիրություններ վկայում են, որ ավելի շատ են զոհեր եղել: «Այդ սարսափելի իրադարձությունների վկաների տեղեկությունների հիման վրա Հայաստանում պետք է ստեղծվի տվյալների բազա»,- ամփոփեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգողը:

Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 26-29-ին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցել հայերի զանգվածային ջարդեր, որոնց ժամանակ պաշտոնական տվյալներով զոհվել են 27 եւ վիրավորվել հարյուրավոր հայեր: Մի քանի օրվա ընթացքում 18 հազար հայեր քաղաքից հեռացել են: Երկու տարի հետո՝ 1990 թվականի հունվարի 13-19-ին հայերի զանգվածային ջարդեր տեղի ունեցան արդեն Բաքվում: Զոհվեց մոտ 100  մարդ, ավելի քան 200 հազարը արտաքսվեց: