Օրենսդրական նախաձեռնության տեսքով ներկայացրած մեր առաջարկը այն նույն տրամաբանության շրջանակում է, որով Ազգային ժողովն արդեն օրինագիծ է ընդունել ընդերքն օգտագործող ընկերությունների իրական սեփականատերերին բացահայտելու մասին: Այս մասին փետրվարի 26-ին ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց օրինագծի համահեղինակ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արտակ Մանուկյանը:

Պատգամավորը նշեց, որ շեշտը դրվում է հանրային ռեսուրսների թափանցիկության եւ հաշվետվողականության վրա: Այսպես, առաջարկվող օրինագծի ընդունման դեպքում,  էլեկտրաէներգիայի արտադրություն իրականացնող ընկերություններում բաժնետոմսերի 10 տոկոսից ավելին ունեցող անձանց մասին տեղեկությունները թափանցիկ կդառնան, քաղվածք կստեղծվի, որը տեղեկություններ կպարունակի իրական տերերի մասին:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն իր հերթին  նշեց, որ գերատեսչությունը բովադակային առումով հանդես է գալիս նախաձեռնության օգտին, սակայն դիրքորոշում հայտնեց, որ այս փուլում օրինագծի ընդունումը նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով արդարադատության նախարարության գործընկերների կարծիքը: «Մենք քննարկում ենք անցկացրել: Բովանդակային առումով ոչ մի դիտողություն չունենք: Մենք միայն տեխնիկական բնույթի դիտողություններ ունեինք, որոնք հետագայում ամբողջությամբ հաշվի են առնվել եւ ընդունվել»,- ասաց Վարդանյանը:

Նշենք, որ խոհրդարանական հանձնաժողովը ներկայացված օրինագծին դրական եզրակացություն տվեց: