Ադրբեջանական քարոզչությունը փոխում է մարտավարությունը` դառնալով ավելի ճկուն եւ հասկանալի միջազգային հանրության համար: Այս մասին «Խոջալու 28» քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Անժելա Էլիբեգովան:

Քաղաքագետի խոսքով` ադրբեջանական քարոզչությունն աշխատում է կլոր տարի, դրա մեջ մեծ գումարներ են ներդրվում: Հայկական կողմը պատասխանում է կապերի, սփյուռքի, Արտաքին գործերի նախարարության աշխատանքի եւ ճարպկության միջոցով: Անժելա Էլիբեգովան շեշտեց, որ Խոջալուի դեպքերի կապակցությամբ հայկական կողմը վաղուց տվյալների բազա է ստեղծել:

«Որոնելու կարիք չկա, պարզապես անհրաժեշտ է օգտագործել առկա նյութերը: Ճիշտ այնպես, ինչպես դա անում է ադրբեջանական կողմը` Ալիեւների ընտանիքի գլխավորությամբ` ապատեղեկատվություն է տարածում: Մենք պետք է աշխարհին ասենք ճշմարտությունը: Պետք է գոնե նույնով պատասխանել, օգտագործել սոցիալական ցանցերը, ստիպել քեզ լսել: Սակայն դրանով պետք է զբաղվել, ասել աշխարհին հասկանալի լեզվով: Հայկական կողմը գրեթե ոչ մի կերպ չի հակազդում ադրբեջանական քարոզչությանը, ոչ մի լուրջ նախագիծ չկա»,- նշեց փորձագետը` հավելելով, որ հետեւանքները լուրջ կլինեն:

«Ադրբեջանցի քարոզիչները մանրակրկիտ նախապատրաստել են կեղծված տվյալների բազան` կեղծված լուսանկարներ, մահացածների ցուցակներ, անգամ հայտարարություններ: Հայկական կողմը դա վաղուց է ապացուցել: Մեր տվյալները, առաջին հերթին, հիմնված են ադրբեջանական աղբյուրների ապացույցների վրա, եւ Մութալիբովով դրանք ոչ սկսվում, ոչ էլ ավարտվում են»,- վստահեցրեց փորձագետը: