Թուրքիան ծրագրում է Իդլիբում իր ռազմական դիտակետերից սիրիական կառավարական ուժերին դուրս մղել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հայտնում է Reuters-ը:

«Մենք նախատեսում ենք, այսպես թե այնպես, այս ամսվա վերջին մեր դիտակետերն ազատել շրջապատողներից (սիրիական կառավարող ուժերից)»,- ասել է Էրդողանը

Էրդողանի խոսքով՝ Անկարան դիտարկում է Իդլիբում իրավիճակի լուծման տարբեր սցենարներ, այդ թվում նաեւ ռազմական միջամտությունը: «Մենք Իդլիբում ոչ մի հետքայլ չենք անի, մենք [սիրիացի] ժողովրդի համար պայմաններ կապահովենք իրենց տները վերադառնալու համար: Մենք զանազան տարբերակներ ենք դիտարկում, այդ թվում՝ ակտիվ միջամտությունը»,- շեշտել է նա:

Թուրք առաջնորդի կարծիքով՝ Իդլիբում իրավիճակի լուծման գործում Անկարայի միակ խնդիրը օդային տարածքն օգտագործելու անհնարինությունն է: «Մենք պատրաստվում ենք մոտ ժամանակում այս հարցը լուծել»,- նշել է Էրդողանը:

Միաժամանակ, փետրվարի 20-ին Թուրքիային ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել էր, որ Անկարան Մոսկվայի հետ քննարկում է Սիրիայի օդային տարածքն օգտագործելու հնարավորությունը: Ռուսաստանցի պաշտոնատար անձինք այս թեմայով մեկնաբանություններ չեն կատարել:

Էրդողանը նաեւ հիշեցրել է, որ Դամասկոսին Անկարայի տրամադրած ժամանակը՝ սիրիական զորքերը դուրս բերել Սոչիի հուշագրով պայմանավորված դիրքեր, լրանում է: «[Սիրիայի նախագահ Բաշար] Ասադի կողմնակիցները պարտադիր կարգով պետք է հետ քաշվեն շփման գծից, որը որոշվել է Սոչիի պայմանավորվածություններով: Նրանց տրամադրված ժամանակը սպառվում է»,- ասել է Թուրքիայի նախագահը: