Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարը նախազգուշացնում է եվրոպական նավահանգիստներում չինական հսկա ծավալներով ներդրումների եւ Եվրոպայի սահմաններից դուրս ռուսական սուզանավերի բարձր ակտիվության մասին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

ԱՄՆ ՌՕՈՒ գեներալ Թոդ Ուոլթերսը՝ ԱՄՆ եվրոպական հրամանատարության ղեկավարն ու Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի բարձրագույն գլխավոր հրամանատարը, հայտարարել է, որ «Չինաստանին հասանելի է դեպի Եվրոպա եւ այնտեղից դեպի դուրս նավագնացության իրավունքների 10 տոկոսը»։ «Դա շատ տագնապալի է,- ասել է Ուոլթերսը,- Երբ դուք վերահսկում եք պաշարները ընդունելու եւ կարգավորելու հնարավորությունը, դուք մեծ ազդեցություն եք ունենում մայրցամաքում իրական իրավիճակի վրա՝ խաղաղության եւ անվտանգության արդյունավետ աջակցության տեսանկյունից»։

Ուոլթերսը օրենսդիրներին հայտարարել է, որ Չինաստանը ներդրումներ է կատարում «տնտեսական մեծամասնության մեջ» ամբողջ Եվրոպայի, այդ թվում ՆԱՏՕ-ի անդամ Բելգիայի, Իտալիայի, Ֆրանսիայի եւ Հունաստանի նավահանգիստներում։

Գեներալի խոսքերով՝ եվրոպական դաշնակիցները զարմացած եւ մտահոգված էին ծովային նավահանգիստներում Չինաստանի մասնակցության աստիճանով։

Զինվորական հրամանատարը նաեւ կրկնել է չինական Huawei ընկերության 5G սերնդի անլար տեխնոլոգիաների հետ կապված մտահոգությունները, որոնք անցյալ շաբաթ ԱՄՆ ՊՆ ղեկավար Մարկ Էսպերը, պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը քննարկել էին Մյունխենում։

Ուոլթերսը հաստատել է, որ Huawei-ի 5G տեխնոլոգիաների օգտագործումը հետախուզական բնույթի սպառնալիք է Եվրոպայում ամերիկյան զինվորականներին։

Բացի Չինաստանի հարցսով մտահոգություններից, Ուոլթերսը նաեւ տագնապ է արտահայտել՝ կապված ռուսական սուզանավերի հետ՝ սպառնալիքներ, որոնք հյուսիսային Ատլանտիկան պաշտպանելու համար 2018թ․ հրահրել են ստեղծել ԱՄՆ ՌԾՈՒ երկրորդ նավատորմը։

Ուոլթերսի խոսքերով՝ 2018թ․ ամառ-աշնանը եւ 2019թ․ ամառ-աշնանը ամերիկյան զինվորականները նկատել են «ստորջրյա պաշարների 50 տոկոսանոց աճ, որոնք Ռուսաստանը տրամադրել է» Եվրոպայի սահմաններից դուրս պարեկային օպերացիաների համար։ «Այս դիտարկումը եւս մեկ դատողություն է մեր հետագա մրցունակությունը բարձրացնելու կարեւորության թեմայով, որպեսզի ունենանք ազատության պայմաններում գործելու երաշխավորված  հնարավորություն»,- հայտարարել է Ուոլթերսը օրենսդիրներին։