Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության եւ օգտագործման դեմ հետեւողական պայքարը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները:

Փետրվարի 24-ին, ժամը 21-ի սահմաններում, քրեական հետախույզները Ալեք Մանուկյան փողոցից, թմրանյութ ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով, բերման ենթարկեցին 64 եւ 40 տարեկան երկու տղամարդու, որոնցից մեկը բնակվում է Արարատի մարզի Նորաբաց գյուղում, մյուսը Երեւանի բնակիչ է:

64-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց օգտագործված կաթուցիչ եւ կանաչ, յուրահատուկ հոտով, չորացված, մանրացված բուսական զանգված: Ըստ նրա` հայտնաբերվածը կանեփ է, ինքն է 2019 թ. նոյեմբերին բերել Վրաստանից:

Նման զանգված հայտնաբերվեց նաեւ 40-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ: Հետագա միջոցառումներով իրավապահները պարզեցին, որ փետրվարի 14-ին Արամի փողոցի հարակից այգում 64-ամյա տղամարդն էր նրան այդ զանգվածը 20.000 դրամով վաճառել, եւ դա առաջին դեպքը չէր: Նախորդ տարվա հոկտեմբերից մինչեւ փետրվարի 14-ը նա 20- հազարական դրամով Նորաբաց գյուղի բնակչից թմրամիջոց էր գնել եւ օգտագործել:

Նշանակվել է փորձաքննություն:

64-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը շարունակվում է: