Հայաստանի եւ հայ ժողովրդի ամբողջ պատմության ընթացքում մեր եվրոպամետ դիրքորոշումը մշտապես բախվել է այլ կարգի կողմնորոշումներին: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործընթացի թեմայով ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած լսումների ժամանակ ասաց բանասեր Նարինե Դիլբարյանը:

Բանասերի կարծիքով՝ արժեքային մոտեցումների առումով համապատասխան ուղերձներ է անհրաժեշտ ուղարկել ոչ միայն Հայաստանի եվրոպացի գործընկերներին, այլ նաեւ հայ հանրությանը:

«Ես տեսնում եմ, որ մեր հանրության տարբեր շերտեր զանազան տագնապներ ունեն՝ կապված էներգետիկ անվտանգության եւ տնտեսական խնդիրների հետ»,- ասաց Դիլբարյանը:

Նա վստահ է, որ «Արեւելյան գործընկերություն» պլատֆորմը պետք է հայ հանրությանը ցույց տա, որ մարդու իրավունքներից եւ ազատություններից վեր ոչինչ չկա, եւ որ չի կարելի այս հարցերում զիջումների գնալ:

Բանասերի կարծիքով՝ Հայաստանը եւ հայ հանրությունը չպետք է վախենան ձգտել եվրոպամետ կողմնորոշման:

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանն իր հերթին ավելի հեռուն գնաց եւ հայտարարեց, որ ԵՄ-ի ու ԵՏՄ-ի միջեւ երկխոսության եւ հարաբերությունների հաստատման համար որպես կամուրջ հնարավոր օգտագործման գաղափարը միֆ է, քանի որ «չի կարող կամուրջ լինել առաջընթացի եւ հետընթացի միջեւ», «ժողովրդավարական եւ ավտորիտար համակարգերի» միջեւ:

Սակայն Մկրտչյանի կարծիքով՝ կա եւս մեկ միֆ, որն, ըստ էության, առաջինի շարունակությունն է: Նրա խոսքով՝ գաղափարն այն է, որ Հայաստանը կարող է համագործակցել ինչպես Եվրամիության, այնպես էլ ԵՏՄ-ի հետ:

«Ըստ էության, Հայաստանն արդեն արել է իր ընտրությունը, եւ նրա միակ ընտրությունը դեռեւս Ռուսաստանն է»,- նշեց Մկրտչյանը:

Ընդ որում՝ նա կարծիք հայտնեց, որ «Ռուսաստանից Հայաստանի ռազմաքաղաքական կախվածությունն էապես նվազեցնում է Հայաստանի հնարավորությունները եվրոպական տարբեր կառույցների հետ համագործակցության հարցերում»:

Հարկ է նշել, որ գրեթե բոլոր ելույթ ունեցողները խոսեցին եւ հիշեցին Հայաստանի եւ Եվրոպայի հազարամյա կապերի, հայկական մշակույթի եվրոպական արմատների եւ «հայ ժողովրդի եվրոպական էության» մասին, չմոռացան նաեւ Բրյուսելից ժամանած հյուրերին ակնարկել արեւմտյան եւ ընդհանուր առմամբ եվրոպական մշակույթի զարգացման գործում հայ ժողովրդի զգալի ներդրումի մասին: Միեւնույն ժամանակ, ոչ ոք չհիշեց 600 տարի շարունակ՝ մինչեւ 1918 թվականը, իր պետականությունից գրեթե զրկված հայ ժողովրդի պատմության եւ մշակույթի վրա պարսկական, թյուրքական եւ ռուսական ազդեցության մասին: