Փետրվարի 25-ի վաղ առավոտյան ոստիկանության Մալաթիայի բաժնում գողության վերաբերյալ երկու ահազանգ ստացվեց։ Տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել էին Մելիքյան փողոցում կայանված մի բեռնատարի էլեկտրական մարտկոցները։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մյուս դեպքում եւս գողոնը էլեկտրական մարտկոց էր։ Այս անգամ թիրախը Անդրանիկի փողոցում կայանված «Վոլգա» էր։ Մալաթիայի քրեական հետախույզների բացահայտման միջոցառումներին միացան Էրեբունու բաժնի գործընկերները։ Համատեղ աշխատանքի արդյունքում ժամեր անց գողության դեպքերը բացահայտվեցին։

Կասկածանքով բերման ենթարկված 40-ամյա տղամարդը, որը Երեւանի բնակիչ է, տվեց խոստովանական բացատրություն։ Ոստիկանության ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվեցին նաեւ գողացված էլեկտրական մարտկոցները։ Տուժողներից հաղորդում է ընդունվել։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։