ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում Հայաստանում Ճապոնիայի դեսպանության եւ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջեւ Ճապոնիայի կառավարության «Grassroots» մշակութային դրամաշնորհային աջակցության ծրագրով ստորագրվել է պայմանագիր Հայաստանի պետական կամերային նվագախմբին երաժշտական գործիքների տրամադրման վերաբերյալ: Պայմանագիրը ստորագրել են Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան եւ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Նորայր Նազարյանը: Ներկա էր նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, որը ողջունել է դեսպանին եւ բարձր է գնահատել վերջինիս աջակցությունը հայ երաժշտարվեստի զարգացման եւ կատարելագործման գործում: «Վստահ եմ՝ Ձեր այս աջակցությամբ մեր հանգուցային կառույցներից մեկը՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը, էապես բարելավելու է եւ կատարելագործելու է իր մասնագիտական որակն ու կարողությունները»,-ասել է նախարարի տեղակալը:

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան իր խոսքում նշել է, որ վերջին տասնամյակներում բազմաթիվ առիթներով ներկա է եղել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի համերգներին եւ համերգասրահն իր համար շատ հարազատ է դարձել: «Հայաստանը միանշանակ երկրագնդի ամենահարուստ երկիրն է իր պատմությամբ եւ մշակույթով, մասնավորապես, նրա երաժշտության խորությունն ու ուժը անգերազանցելի են: Արամ Խաչատրյանի անունը հայտնի է Ճապոնիայի յուրաքանչյուր դպրոցականի: Մենք նույնիսկ ունենք կազմակերպություն որ կոչվում է «Ճապոնիայի Կոմիտասի երաժշտական հասարակություն»: Մեծ պատիվ է ունենալ այսկերպ խոնարհ ներդրում կատարելու հնարավորություն՝ երաժշտական մեծագույն ավանդույթի հաջողության եւ հետագա ծաղկման գործում, որն ունի հավերժական եւ տիեզերական նշանակություն»,-ասել է դեսպանը:

Դրամաշնորհով «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ն այս տարվա ընթացքում ձեռք կբերի Ճապոնական Yamaha ապրանքանիշի երաժշտական գործիքներ, այդ թվում՝ ռոյալ, տիմպանիներ, թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ եւ այլ հարվածային գործիքներ. ծրագրի արժեքը շուրջ 91 հազար դոլար է: Ձեռք բերվող երաժշտական գործիքները հիմնարար նշանակություն ունեն Կամերային երաժշտության ազգային կենտրոնի գործունեության համար եւ հնարավորություն կտան սեփական գործիքակազմով եւ առավել մեծ ու բազմաոճ երկացանկով ներկայանալ երաժշտասեր հանրությանը:

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին եւ վստահեցրել, որ նոր գործիքների համալրումը հնարավորություն կտա էլ ավելի բարձր կարգի երաժիշտների հրավիրել եւ բարձրակարգ երկացանկ ընտրել: