Փետրվարի 26-ին Ժնևում տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ուզբեկստանի Օլի Մեջլիսի փոխխոսնակ Ակտամ Խաիտովի հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։

Ուզբեկստանի Օլի Մեջլիսի փոխխոսնակը շնորհավորել է ԱԳ նախարարին՝ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում ընտրվելու կապակցությամբ։ Կողմերը գոհունակություն են հայտնել միջազգային և տարածաշարջանային կառույցների շրջանակներում հաստատված արդյունավետ համագործակցություն կապակցությամբ։

Զոհրաբ Մնացականյանը և Ակտամ Խաիտովը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։ Նախարար Մնացականյանը վստահությամբ նշել է, որ Ուզբեկստանում ՀՀ նստավայր դեսպանության հիմնումը նոր էջ կբացի դարավոր բարեկամական կապերով միահյուսված երկու ժողովուրդների հարաբերությունների պատմության մեջ: Այդ համատեքստում զրուցակիցները բարձր են գնահատել ուզբեկահայ համայնքի ակտիվ մասնակցությունը Ուզբեկստանի հասարակական կյանքում և շաղկապող դերը երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում:

Երկուստեք կարևորվել է խորհրդարանական հարթակում համագործակցության ամրապնդումը ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերում: