Համաշխարհային տերությունները, որոնք ստորագրել են Իրանի հետ միջուկային համաձայնագիրը, «լուրջ մտահոգություն են հայտնել՝ կապված Թեհրանի կողմից գործարքը խախտելու հետ»,- հայտնում է AP-ը։

ՄԱԿ-ում Չինաստանի դեսպան Վան Ցունը Վիեննայում համաձայնագրի կողմերի միջեւ բանակցություններից հետո հայտարարել է․ որ իրենք ձգտում են կայացնել կոնկրետ որոշում, որպեսզի պաշտպանեն» 2015թ․ համաձայնագիրը։

Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արագչին լրագրողներին հայտնել է, որ Իրանը նախկինի պես «բաց է ցանկացած նախաձեռնության համար, որը կարող է ապահովել համաձայնագրից իրանական դիվիդենտները»։

Հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը նշել է, որ «լուրջ մտահոգություններ են արտահայտվել՝ կապված Իրանի միջուկային պարտավորությունների կատարման հետ»։

Նրա խոսքերով՝ «հանդիպման մասնակիցները նույնպես խոստովանել են, որ ԱՄՆ պատժամիջոցների կրկնակի սահմանումը թույլ չի տվել Իրանին օգտվել համաձայնագրի բոլոր առավելություններից»։

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան ստեղծել են INSTEX համակարգը, որը նախատեսված է Իրանի հետ առեւտուրը հեշտացնելու համար՝ միաժամանակ պաշտպանելով ընկերություններին պատժամիջոցներից, սակայն առայժմ այն հստակ հաջողություններ չի բերել։

Բորելն ասել է, որ հանդիպման ժամանակ բոլորն ընդունել են INSTEX-ի հետագա ամրապնդման կարեւորությունը։