Ֆիլիպինները կարող են պայքարել գրոհայինների եւ մահմեդական ծայրահեղականների դեմ առանց ամերիկյան ռազմական օգնության։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեն՝ պաշտպանելով ԱՄՆ-ի հետ անվտանգության պակտի լուծման իր վերջին որոշումը, հայտնում է AP-ը։

«Պե՞տք է արդյոք մեզ Ամերիկան, որպեսզի գոյատեւենք որպես ազգ։ Պե՞տք է արդյոք մեզ ամերիկյան զինվորականների ուժը հարավում ահաբեկիչների դեմ պայքարելու համար։ Զինվորականներն ու ոստիկանությունն ասել են․ «Սըր, մենք կարող ենք»»,- ասել է նա։

Ֆիլիպինների կառավարությունը երկու շաբաթ առաջ ծանուցել էր ԱՄՆ-ին այն մասին, որ ինքը մտադիր է դադարեցնել Այցելության մասին համաձայանագրի գործունեությունը, որը թույլ է տալիս ամերիկյան զինվորականներին թրենինգներ անցնել Ֆիլիպիններում։

Համաձայնագիրը թույլ է տալիս երկիր ԱՄՆ ռազմանավերի եւ ինքնաթիռների հետ ամերիկյան զորքերի մուտքը եւ ժամանակավոր գտնվելը՝ ֆիլիպինյան զորքերի հետ համատեղ վարժանքների համար։

ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը Դուտերտեի վարչակազմի որոշումն անվանել է «անհաջող»։ Նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, իմիջիայլոց է արձագանքել՝ ասելով․ «Եթե նրանք ուզում են դա անել, նորմալ է։ Մենք շատ փող կխնայենք»։

Ֆիլիպինների արտգործնախարար Թեոդորո Լոկսին-կրտսերը, որը Դուտերտեի հրահանգով ստորագրել է լուծման մասին ծանուցումը, առաջարկել է վերանայել համաձայնագիրը, որպեսզի ուղղվեն վիճելի հարցերը, ոչ թե չեղյալ համարել այն։

Դուտերտեն սպառնացել էր չեղյալ համարել համաձայնագիրն այն բանից հետո, երբ Վաշինգտոնը մերժել էր վիզա տրամադրել սենատոր Ռոնալդ Դել Ռոսին, որը կապված է մարդու իրավունքների խախտումների հետ։