Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին բացարկ հայտնելու մասին երրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը։ Որոշման հրապարակմանը ներկա էր միայն նախկին գյուղնախարար, գործով ամբաստանյալ Սերգո Կարապետյանը։ Հիշեցնենք, որ նախկին նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Մեղադրանքը չի ընդունում նաեւ նախկին գյուղնախարարը։ Դատարանից դուրս գալով՝ Սերգո Կարապետյանը դարձյալ խուսափել է լրագրողների հարցերին պատասխանելուց, հորդորել հետեւել դատավարության ընթացքին։

Երրորդ նախագահի պաշտպանական թիմը շարունակում է պնդել, որ գործով դատախազ Արսեն Մարտիրոսյանը անաչառ չէ, նախաքննությանն անաչառ չի հետեւել, եւ, որ փաստաբանները դա դատաքննության ընթացքում փուլ առ փուլ  ցույց կտան, լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Ամրամ Մակինյանը։

Նախօրեին մեկնարկած դատավարությունը նույն գործով ամբաստանյալ Բարսեղ Բեգլարյանը թատրոն է որակել։

Փետրվարի 21-ին Մանվել Գրիգորյանը գնացել է տուն, 24 ժամը լրանալուն պես վիճակը կրկին վատացել է եւ նրան բերել են Նաիրի բուժկենտրոն։ Նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը հայտնել է, որ գեներալն այժմ հիվանդասենյակում է, որտեղ վերակենդանացման բաժանմունքի սարքավորումներն են միացված։ «Իսկ ինչո՞ւ էր տուն գնացել» հարցին՝ պաշտպանը պատասխանել է. «Առողջական վիճակում փոփոխություն չկար, ուստի որոշեց տուն գնալ»։

Իրանից Հայաստանի քաղաքացիների առաջին խումբը հատուկ չվերթով վերադարձել է հայրենիք: Արտգործնախարարության սահմանակից երկրների վարչության պետը հայտնել է, որ Իրանում գտնվող մեր քաղաքացիների հաջորդ խումբը հայրենիք կվերադառնա փետրվարի 28-ին: Վերադարձի  հարցով Իրանում մեր դեսպանություն է դիմել Հայաստանի 65 քաղաքացի: Հիշեցնենք, որ Իրանում կորոնավիրուսի վարակի տարածման կապակցությամբ Հայաստանը երկու շաբաթով սահմանափակել է հաղորդակցությունը հարևան երկրի հետ։

Կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված Զինված Ուժերի բոլոր զորամասերում արգելվել են զինծառայողների ծնողների և հարազատների այցերը, ժամկետայինների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները։  Պաշտպանության նախարարության հայտարարությունում  ասվում է, որ նպատակը զորամասեր կորոնավիրուսի ներթափանցումը կանխելն է։

Իրանում կորոնավիրուսից արդեն 19 մարդ է մահացել, ախտորոշված դեպքերի թիվը հասել է 139-ի:  Վերջին մեկ օրում երկրում գրանցվել է մահվան 4 եւ վարակման 44 նոր դեպք

Մի շարք կոռուպցիոն գործերով առանցքային վկաներ, նույնիսկ կասկածյալներ ու մեղադրյալներ լքել են հանրապետության տարածքը, ինչի հետեւանքով այդ գործերով քննությունը մտել է փակուղի կամ նման սպառնալիքի առջեւ է կանգնած, կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասել է, թե ակնկալում է, որ իրավապահ մարմինները քննչական եւ օպերատիվ հետախուզական ողջ ներուժի ներգրավմամբ իրականացնեն ժողովրդի արդար սպասելիքը:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար, «ԱՅՈ»-ի նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը, քարոզարշավի վերաբերյալ ասուլիսի ընթացքում անդրադարձել է նաեւ իր դատվածության փաստի արտահոսքի առիթով հարուցված քրեական գործին։ Երկու օր առաջ նրան հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն՝ այդ գործով տուժածի կարգավիճակում:

«Ոչ» քարոզչական նախաձեռնության անդամ Արսեն Բաբայանը Facebook-ի իր էջում 90-ականների մամուլից մի լուսանկար է հրապարակել, որը 1991 թվականի անկախության հանրաքվեի «Այո»-ի քարոզն է ներկայացնում։ Լուսանկարում զանգի մեջ պատկերված «Այո»-ն կրկնում է «Այո» քարոզչական կողմի՝ նախօրեին հրապարակած լոգոյի «Այո»-ն, որը հաղթել էր այո-ների մրցույթում եւ 3 միլիոն դրամ շահել:

ՄԻԵԴ-ը կասկածի տակ է առել Խոջալուի դեպքերի ադրբեջանական վարկածը, «Խոջալու 28» քննարկումների ժամանակ ասել է լրագրող եւ փորձագետ Մարինա Գրիգորյանը: Հանդիպման մասնակից փորձագետներն ու վերլուծաբանները ահազանգել են, որ Արդբեջանը Խոջալուում իբր ցեղասպանության մասին լայն քարոզարշավ են սկսել, ինչին հակազդեցություն չի ցուցաբերվում։ 

Իմ նպատակը Օլիմպիական խաղեր մեկնելը չէ, այլ օլիմպիական մեդալ նվաճելը, լրագրողների հետ ասուլիսում հայտարարել է ԱԺ պատգամավոր, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը։ Հայաստանի ըմբշամարտի մարզչական խորհուրդը 77 կգ քաշային կարգում օլիմպիական ուղեգիրը վստահել է Կարապետ Չալյանին, որն այս տարվա աշխարհի առաջնությունում նվաճել էր այդ ուղեգիրը եւ սկսել է պատրաստվել Խաղերին։ Արսեն եւ Լեւոն  Ջուլֆալակյանները համարում են, որ այն ինչ կատարվում է հավաքականում ու մարզչական խորհրդում, ապօրինություններ են ու անարդարություն. Նրանք պահանջում են, որ արդար ընտրություն կատարվի։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.06 դրամով եւ կազմել 478.39 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.46 դրամով ու հասել 520.92 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.12 դրամով ու կազմել  619.28 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով ու կազմել 7.28 դրամ։

Փետրվարի 27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա երեք օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երեւանում եւս տեղումներ չեն լինի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է -1-3, վաղը ցերեկը՝ +10+12։