Սաուդյան Արաբիան մի շարք միջոցներ է ձեռնարկել իր տարածքում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Այս մասին հայտնել է թագավորության ԱԳՆ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Կառավարությունը, մասնավորապես, կարգադրել է կասեցնել ումրա՝ փոքր հաջ անցկացնելու նպատակով անձանց մուտքը երկիր, որը մուսուլմաններն անցկացնում են ցանկացած ժամանակ՝ բացառությամբ մեծ հաջի ամսվա:

Դրանից բացի, ժամանակավորապես արգելվել է թագավորություն այն պետություններից զբոսաշրջիկների այցելությունը, որոնց տարածքում «գրանցվել է Սաուդյան Արաբիայի առողջապահության մարմինների չափանիշներին համապատասխանող կորոնավիրուսի բռնկում»: Իշխանությունները սահմանափակումներ են մտցրել նաեւ Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի անդամ պետությունների բնակիչների կողմից երկիր մուտք գործելու համար անձնագրի փոխարեն անձը հաստատող ազգային վկայականների օգտագործման վրա: Գերատեսչությունից ընդգծել են վիրուսի դեմ պայքարում երկրների եւ միջազգային կազմակերպությունների, առանձնապես Առողջապահության համաշխարհային կազմակերպության ձեռնարկած միջոցառումներին աջակցելու պատրաստակամության մասին:

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) առաջացրած հիվանդությունը բռնկվել է Կենտրոնական Չինաստանի ամենախիտ բնակեցված՝ 12 մլն բնակչությամբ Ուհան քաղաքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն ճանաչել է միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ՝ բնորոշելով որպես բազմաթիվ օջախներով համաճարակ: Չինաստանի սահմաններից դուրս  վարակման դեպքեր են հայտնաբերվել 42 երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում: Չինաստանի իշխանությունները երկրում գրանցել են մահվան 2715 դեպք, առողջացել է ավելի քան 29,7 հազար մարդ, վիրուսի տարածման ամբողջ ընթացքում վարակվածների թիվն անցել է 78 հազարից: