Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 27-ի նիստում որոշում կայացրեց ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում հարկային արտոնությունտրամադրել «ՍԱՀԼԵՎՍ» ՍՊԸ-ին՝ ազատելով նրան մաքսատուրքից:

Նշենք, որ «ՍԱՀԼԵՎՍ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կենցաղային կրակայրիչների արտադրության համար։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման եւ որպես հետեւանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության եւ արտահանման խթանման համար:

«ՍԱՀԼԵՎՍ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին։ Ընկերությունը զբաղվում է կենցաղային կրակայրիչների արտադրությամբ։ Ընկերությունը նախատեսում է մեծ ծավալներով արտահանում ԵՏՄ եւ երրորդ երկրներ:

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 170 մլն դրամի չափով ներդրում հումքի ձեռքբերման համար։

Վերոնշյալ գործունեության կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով ընկերությունն ակնկալում է ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգում:

Ակնկալվում է, որ ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 27-30 նոր աշխատատեղ` 150-170 հազար դրամ միջին աշխատավարձով: