Նոր կորոնավիրուսի շուրջ ստեղծված ճգնաժամը համաշխարհային զբոսաշրջությանը կարող է 22 միլիարդ դոլար արժենալ։ El Mundo թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Զբոսաշրջության եւ ճանապարհորդության համաշխարհային խորհրդի նախագահ Գլորիա Գեվարան:

«Դա դեռ շատ վաղ է իմանալ, սակայն Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում` Օքսֆորդի Էկոնոմիկայի փորձագետների հետ համատեղ, մենք նախնական հաշվարկներ ենք արել, ըստ որոնց, այս ճգնաժամը ոլորտին առնվազն 22 միլիարդ դոլար կարժենա»,- ասել է Գեվարան: Նա հավելել է, որ «Չինաստանի քաղաքացիները ճանապարհորդներ են, ովքեր ամենաշատն են ծախսում, երբ ինչ-որ տեղ են գնում», փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019-ի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղ 12 միլիոն մարդ է ապրում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ է հայտարարել` այն որպես բազմաթիվ օջախներով համաճարակ որակելով: Չինաստանի սահմաններից դուրս վարակի դեպքեր են հայտնաբերվել 44 երկրում, այդ թվում` Ռուսաստանում: Չինաստանի իշխանությունները երկրում մահացության 2744 դեպք են գրանցել, առողջացել է ավելի քան 32.4 հազար մարդ, վիրուսի տարածման ամբողջ ընթացքում վարակվածների թիվը գերազանցել է 78.4 հազարը: