Տարածաշրջանային անվտանգության ապահովման կարեւոր բաղադրիչ է նաեւ երկկողմ փոխգործակցությունը, մասնավորապես՝ զորքերի միացյալ հայ-ռուսական խմբավորման գործունեության շրջանակում: Այս մասին փետրվարի 27-ին «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դերը Կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման մեջ» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ն իր գոյության տարիներին մեծ ներուժ է կուտակել անվտանգության բոլոր տեսակի սպառնալիքներին արձագանքելու համար, եւ այս տարի Ռուսաստանի խնդիրն է եղած ներուժի ամրապնդումը: «Այս տարի Ռուսաստանի եւս մեկ խնդիրն է Մեծ Հաղթանակի հոբելյանի արժանի տոնակատարության ապահովումը, ինչը կարեւոր նշանակություն ունի պատմության տեսանկյունից, որի փաստերը հաճախ դառնում են քաղաքական պայքարի եւ մանիպուլյացիաների օբյեկտ: Հայտնի է, որ Հայաստանում Հաղթանակի թեմային մեծ ուշադրությամբ են վերաբերվում, եւ վստահ եմ, որ այդպիսի վերաբերմունքի անդրադարձը կդառնա նրա տարեդարձի տոնակատարության հագեցած օրակարգը»,- նշեց նա: