2019 թվականին 15 տոկոս զբոսաշրջության աճ ունենք, ներդրումները հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել են 2.1 միլիարդ դոլար, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 465 միլիոն դոլարով կամ 27.6 տոկոսով: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, 2018-2019 թվականների ընթացքում Կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտների հայտարարագրման ցուցանիշն ավելացնել 505․4 միլիարդ դրամով կամ 43.6%-ով, ինչը հնարավորություն է ընձեռել 199․1 միլիարդ դրամով նվազեցնելու հարկ վճարողների հանդեպ նախկինում ձեւավորված պարտքերը եւ 306․3 միլիարդ դրամով փաստացի ավելացնելու պետական բյուջեի հարկային եկամուտները։

«Այսինքն այդ 505 մլրդ դրամից 199 մլրդ դրամը վերադարձրել են բիզնեսին: Ընդ որում, այդ 199 մլրդ դրամից 42 մլրդը փոխանցվել է ավելացված արժեքի հարկի դեբետին: Այս որոշումը կարծես թե մի փոքր չար կատակ է խաղացել մեր գլխին, որովհետեւ մեր վիճակագրական կոմիտեն այս վերադարձը նվազեցրել է ՀՆԱ աճից, եւ եթե այդ նվազեցումը չլիներ, 2019-ին մեր ՀՆԱ աճը կլիներ ոչ թե 7,6 տոկոս, այլ 8-8,1 տոկոս:

Ընդ որում, մենք բիզնեսից ազդակներ ենք ստանում, որ ասում են՝ 42 մլրդ դրամ մեզ վերադարձրել եք, որտե՞ղ եք ուզում մեզ «քցեք»: Մենք ոչ մեկին չենք ուզում «քցել»: Մեր հույսն այն է եղել, որ բիզնեսը մեր գործընկերային քայլը գնահատելով՝ այդ գումարները որից կներդնի տնտեսության մեջ»,-ասաց վարչապետը: