2019 թվականի վիճակագրական վերջին տվյալների համաձայն 2018-ի ընթացքում Կառա¬վարությանը հաջողվել է 2.2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդակը եւ այն հասցնել  23.5%-ի: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ծայրահեղ աղքատության մակարդակը նույն ժամանակահատվածում 1.2%-ից նվազել է մինչեւ 1 տոկոս: Փաստացի Հայաստանը պատմականորեն աղքատության ամենացածր մակարդակը ունի: Այստեղ կա խնդիր, այն մեթոդաբանությունը, որով աղքատությունը հաշվարկվում է, ներդրվել է 2009 թվականին»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ նոր իշխանությունն իր ծրագրում նախատեսել է, որ մինչեւ 2023 թվականը ծայրահեղ աղքատությունը պետք է վերացնենք. «2019-ի ցուցանիշը մեզ վստահություն է տալիս, որ դա իսկապես իրագործելի խնդիր է»,-ընդգծեց վարչապետը:

Նա նաեւ հավելեց, որ 2019-ին հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 5.8 տոկոսով: