Տպավորություն է, որ Դատախազությունը ոչ թե պետական շահ է պաշտպանում, այլ պաշտպանում է «Ֆրեզեն» ընկերության շահը։ Այս մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի եւ ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատաքննության ժամանակ հայտարարեց Սանասարյանը։

«Գնումների մասին օրենքը հստակ ասում է, որ չպետք է այնպիսի չափորոշիչներ ներկայացնեք, որը թույլ չի տա իրականացնել օրենքի պահանջները։ Այդ կազմակերպությանը պետությունը տարիներ շարունակ տվել է մենաշնորհ։ Պետությունն այդ կազմակերպությանը սարք է նվեր տվել, որի արդյունքում էլ այդ կազմակերպությանն ասել է՝ պայմանավորվել է պետության հետ, որն օրինական չէ, եւ տարիներ շարունակ առանց Գնումների մասին օրենքի պահանջները կատարելու, այնպիսի տեխնիկական բնութագրում է նշված, որ այլ կազմակերպություններ չեն կարող մասնակցել այդ գնումների գործընթացին։ Ինձ մոտ տպավորություն է, որ դատախազը «Ֆրեզեն» ընկերության ներկայացուցիչն է»,-ասաց Դավիթ Սանասարյանը։

Դատավորն էլ դիտողություն արեց Դավիթ Սանասարյանին նշելով, որ ճիշտ չէ դատախազին այդպիսի որակում տալը։

Գործով առկա ապացույցների հետազոտմանը նիստը նախագահող դատավոր Դավիթ Բալայանը հայտարարեց, որ «Զորաշեն» ՍՊԸ-ի կողմից ներկայացվել են կեղծ սերտիֆիկատներ, փաստաթղթեր, որոնք հաստատում են տվյալ սարքավորումների ծագումնաբանությունը եւ այլն։

Նշենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են Դավիթ Սանասարյանը, ՊՎԾ նախկին պաշտոնյաներ Գեւորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը եւ վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթ Սանասարյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները: