Ճանապարհատրանսպորտային համակարգում շատ խորքային խնդիրներ կան: Սակայն երբ մենք պատժում ենք վարորդին, նրան զրկում ենք բալերից, պետք է հարց տանք՝ արդյոք պետությունը նրանց համար պայմաններ է ստեղծում առանց խախտումների վարելու համար: Այս մասին այսօր Ազգային ժողովում «Ճանապարհային երթեւեկության արդի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում գրեթե չկա մեքենաների կայանման համակարգ: «Այլ հարց է ճանապարհների լայնությունը: Ոչ պակաս կարեւոր խնդիր է 9 բալանոց շեմը: Ինչո՞ւ հենց 9 բալ»,- ասաց պատգամավորը:

Նշենք, որ Հայաստանում հունվարի 1-ից ուժի մեջ են մտել «Վարչական պատասխանատվության մասին» օրենքում եւ 6 հարակից օրենքներում փոփոխությունները, որոնք ենթադրում են ճանապարհային երթեւեկության անվտանգության գնահատման բալային համակարգի ներդրում: