Փետրվարի 20-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդվել էր, որ գիշերը, մուտքի դռան կախովի փականի օղը կտրելով, Աղավնաձոր գյուղի առեւտրի մի սրահից գողացել են 220.000 դրամ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը Աղավնաձորի մի շարք առեւտրի սրահներից գողությունների վերաբերյալ ստացվել են նաեւ այլ ահազանգեր: Մասնավորապես, մի առեւտրի սրահից գողացել էին 40.000 դրամ, մեկ այլ սրահից՝ 80.000 դրամ: Նույն գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականը բացելով, մի առեւտրի սրահից գողացել էին 60.000 դրամ, հիշողության կրիչ եւ բջջային հեռախոսի լիցքավորման լարեր, ապա նույն եղանակով մուտք գործելով մեկ այլ առեւտրի սրահ՝ գողացել էին 70.000 դրամ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ փետրվարի 26-ին պարզվել է, որ գողություններն արել են Արարատի մարզի երկու բնակիչ, որոնք բերման են ենթարկվել Եղեգնաձորի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին:

Կատարվում է նախաքննություն: