Ամբողջ 2019 թվականի ընթացքում Հայաստանում ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնների խախտումների վերաբերյալ ընդունվել է 1 մլն 959 հազար 170 որոշում: Այս մասին փետրվարի 27-ին Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության նախաձեռնած  «Ճանապարհային երթեւեկության արդիական խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը:

Նրա խոսքով՝ 298645 մարդ նախազգուշացում է ստացել խախտումների վերաբերյալ, որոնք հայտնաբերվել են տեխնիկական տարբեր միջոցների օգտագործմամբ: «Միաժամանակ, 4803 որոշում է կայացվել ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու վերաբերյալ: Հատուկ պահպանվող տարածք է տարվել 14 հազար 807 ավտոմեքենա, որից 9405-ը՝ Երեւանում»,- պարզաբանեց Կարապետյանը:

Ճանապարհային ոստիկանության պետը հայտնեց նաեւ, որ 2019 թվականի վերջին տեսահսկման խցիկներով վերահսկվել է Երեւանի 147 խաչմերուկ: Ընդ որում՝ միջպետական, հանրապետական եւ տեղական նշանակության ճամնապարհներին շահագործվել է 169 արագաչափ, որից 90-ը տեղադրված է Երեւանում: