Google Translate-ում հավելել են 5 նոր լեզուներ՝ թաթարերեն, թուրքմեներեն, ույգուրերեն, ռուանդա եւ օրիա (օդիա): Ընկերության բլոգում հաղորդվում է, որ 4 տարում առաջին անգամ է նոր լեզուների ավելացում կատարվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ավելացված 5 լեզուներից յուրաքանչյուրով կարելի է թարգմանել ինչպես տեքստեր, այնպես էլ կայքեր: Թաթարերենի, ույգուրերենի եւ ռուանդայի համար հասանելի է նաեւ վիրտուալ ստեղնաշար»,- հստակեցրել է ծառայության ինժեներ-ծրագրավորող Այզեկ Քեսուելը:

Նշվում է, որ հիմա Google Translate-ում կա 108 լեզու:

2019 թվականի մայիսին հաղորդվում էր, որ Google-ը մշակել է Translatotron – ալգորիթմ, որը կարող է խոսքը մի լեզվից մյուսի թարգմանել՝ տեքստ չօգտագործելով եւ պահպանելով խոսողի ձայնը: