Հայաստանի ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալի աշխատակիցներն այսօր՝ փետրվարի 27-ին, բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով չփակել հաստատությունը։ Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են «ոչ բուժաշխատողների ջարդին», «ոչ սպիտակ խալաթների ջարդին» գրությամբ պաստառներ։

Ակցիայի մասնակիցները, որոնց մեծ մասը թոշակառու ոստիկաններ են, նշում են, որ եթե հոսպիտալը փակվում է, իրենք այլ բուժվելու տեղ չունեն. «Տեսեք ինչքան հիվանդներ կան, որոնք աշխատել ու ծառայել են հայրենիքի համար, 70%-ը դարձել է հաշմանդամ աշխատանքի ընթացքում։ Ուրիշ բուժվելու տեղ չունենք, բացի մեր հոսպիտալից ոչ մի տեղ չեն ընդունում մեզ բուժելու, եթե ընդունում են, ապա չեն բուժում եւ 7 օրից դուրս են գրում ասելով, որ պետպատվերը վերջացավ։ Նայե՛ք, հազարավոր մարդիկ գալիս են մարզերից, բոլորը անապահով, չգիտեն՝ դեղորայք գնեն, թե սնվեն, իսկ հոսպիտալում սնվում են եւ դեղորայքն էլ անվճար է»,-ասաց մասնակիցներից մեկը:

Մեկ այլ նախկին ոստիկանն էլ հավելեց. «Պատկերացրեք, եթե վետերանը, թոշակառու ոստիկանը, որը մի 60 հազար թոշակ է ստանում, գնա «Էրեբունի» հիվանդանոց կամ «Նաիրի» բժշկական կենտրոն, ո՞վ է նրա դեմքին նայելու։ Օրերով սպասել կտան։ Իսկ այստեղ ինչ որ իրենք կարողանում են, արագ անում են, ինչ էլ որ չեն կարողանում, պետպատվերի ուղեգիր են տալիս, եւ մարդը գնում, սպասարկվում է։ Այստեղի հոսպիտալում չեն կարող անտարբեր լինել, որովհետեւ բողոքի դեպքում այդ արհեստական պրոբլեմ սարքողին կկախեն»:

Բացի այդ, ըստ ակցիայի մասնակիցների այստեղ կա նաեւ անվտանգության խնդիր. «Ոստիկանության հոսպիտալում որեւէ մեկը ռիսկ չի անի ոստիկանության աշխատողին վնաս տա, սխալ բան ներարկի՝ վատություն անելու համար, իսկ եթե ոստիկանները տարբեր հիվանդանոցներում այցելեն, այնտեղ հանցագործ աշխարհի համար շատ հեշտ կլինի հասնել նրան ու վերացնել»:

Մասնակիցներից մեկն էլ նկատեց. «Փաշինյանին ընտրեցինք, որ լավ լինի, ավելի վատ եղավ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկում, անդրադառնալով Հայաստանի ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալի փակմանը, հայտարարել էր․ «Հոսպիտալից օգտվում են ոչ մեծ թվով ոստիկաններ, քանի որ այն գտնվում է Երեւանում, իսկ ոստիկաններ՝ մեզ մոտ ապրում են ամբողջ երկրում։ Հոսպիտալի սպասարկման համար պահանջվում է բավական մեծ գումար՝ 800 մլն դրամ։ Ավելին, ոստիկանության աշխատակիցների մեծ մասը, որոնք ապրում են Երեւանում, միեւնույն է, բժշկական օգնություն ստանում են ոչ թե այդ հոսպիտալում, այլ ուրիշ բժշկական հաստատություններում։ Բանն այն է, որ այդ հոսպիտալը հագեցած չէ անհրաժեշտ բժշկական սարքավորումներով։ Եւ քանի որ ոստիկանության աշխատակիցներ, այսպես թե այնպես, գործնականում բժշկական օգնություն չեն ստանում տվյալ հոսպիտալում, մենք որոշել ենք հոսպիտալի սպասարկման գումարը ավելացնել պետպատվերի գումարին, որպեսզի կառույցի աշխատակիցները կարողանան որակյալ բուժօգնություն ստանալ»: