Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Վալերի Բգանբան հրամանագիր է ստորագրել, որով արգելում է օտարերկրացիների մուտքը հանրապետություն, բացառությամբ այն երկրների քաղաքացիների, որոնց հետ առանց վիզայի ռեժիմ է գործում: Փաստաթուղթը ուժի մեջ կմտնի մարտի 1-ից, հայտարարել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը,փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Չորեքշաբթի Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Վալերի Բգանբան հայտնել էր, որ կորոնավիրուսի պատճառով բոլոր արտասահմանցիներին, բացի ռուսներից, արգելվում է մուտք գործել երկիր:

«Ժամանակավորապես` մինչեւ 2020 թվականի ապրիլի 7-ը, սահմանափակել Աբխազիայի Հանրապետություն մուտքը օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց համար, բացառությամբ այն երկրների քաղաքացիների, որոնց հետ Աբխազիան առանց վիզայի ռեժիմ է հաստատել՝ միջազգային պայմանագրերին համապատասխան»,- նշվում է հայտարարության մեջ: Այս հրամանի կատարման վերահսկողությունը հանձնվել է Աբխազիայի գլխավոր դատախազին, պարզաբանում են մամուլի ծառայությունում:

Ավելի վաղ Բգանբան հանդիպում էր անցկացրել հանրապետական ​​գերատեսչությունների ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվել էր կորոնավիրուսից հանրապետությունը պաշտպանելու գործողությունների ծրագիրը: Բգանբան հանձնարարել էր ջերմացույցներ եւ շարժական պոլիկլինիկաներ տեղադրել Ռուսաստանի եւ Վրաստանի հետ սահմանին` «վարակված մարդկանց մուտքը Աբխազիայի տարածք կանխելու համար»: Բացի այդ, հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ժամանակավորապես սահմանափակել էր տուրիստական ​​վիզաների տրամադրումն արտասահմանյան երկրների քաղաքացիներին: Միգրացիոն պետական ​​ծառայությունը, Աբխազիայի պետական ​​անվտանգության ծառայության սահմանային բաժնի հետ համատեղ, ապահովել էր աշխատանքային միգրանտների ժամանակավոր մուտքը երկիր: