Ես չեմ բացառում, որ Իրանը կարող է միանալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի դիտորդ պետություններին: Այս մասին փետրվարի 27-ին «ՀԱՊԿ-ի դերը Կովկասի տարածաշրջանում» թեմայով կլոր սեղանի ժամանակ հայտարարել է կազմակերպության Քարտուղարության ներկայացուցիչ Իգոր Պանարինը:

Նա պարզաբանել է, որ ՀԱՊԿ ԽՎ-ն, որը ղեկավարում է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ: «Ինչպես գիտեք, Իրանը երկար տարիներ ակտիվորեն ներգրավված է եղել ՀԱՊԿ-ի հակաթմրանյութային օպերացիայում»,- ասել է Պանարինը:

Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ ԽՎ-ին դիտորդի կարգավիճակում եւս երկու երկիր է միացել` Սերբիան եւ Աֆղանստանը: «Բացի այդ, մի շարք երկրներ քննարկում են ՀԱՊԿ ԽՎ-ին անդամակցելու հնարավորությունը»,- եզրափակել է Իգոր Պանարինը: